Փաշինյան-Ալիև հանդիպումն այս անգամ էլ ավարտվեց առանց համատեղ հայտարարության և որևէ փաստաթղթի ստորագրման. 1.5 ժամ տևած բանակցությունների ավարտին Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է, որ եռակողմ ձևաչափով՝ իր, Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին:
Քիշնևի բանակցություններին Շառլ Միշելից բացի մասնակցում էին նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները։ Եվրոպական խորհրդի նախագահը բանակցությունների ավարտին ասել է, որ քննարկել են սահմանազատման և խաղաղ պայմանագրի հարցերը։
«Մենք ունեցանք Բրյուսելում (մայիսի 14-ին) քննարկված բոլոր թեմաներին անդրադառնալու հնարավորություն: Մենք քննարկել ենք սահմանազատման և խաղաղ պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ի բրյուսելյան հանդիպման համար», - ասել է Միշելը:
Նրա խոսքով, դա վկայում է, որ կողմերը քրտնաջան աշխատում են և մտադիր են աջակցել հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր ջանքերին:
«Ես նաև հայտնեցի, որ ցանկանում եմ նախագահ Իլհամ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին հրավիրել հանդիպման՝ հոկտեմբերի 5-ին Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Սա նշանակում է, որ մենք կանենք ամեն ինչ Եվրամիության կողմից, որպեսզի օգնենք ավելի էական առաջընթաց ապահովել կարգավորման ուղղությամբ», - ասել է Շառլ Միշելը:
Հայաստանի կառավարությունից փոխանցում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրից, սահմանազատման և ապաշրջափակման հարցերից բացի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Կոնկրետ պայմանավորվածությունների մասին չի հաղորդվում: