2021-ի ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 2 հազար 312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1698 անձ, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով՝ 2020-ի ընթացքում 2 հազար 535 գործով քրեական հետապնդման է ենթարկվել 1356 անձ: Այսինքն՝ նախորդող տարվա համեմատ 2021-ի վարույթում շուրջ 8,8 տոկոսով ավելի քիչ քննված քրեական գործերի պարագայում քրեական հետապնդման է ենթարկվել 25,2 տոկոսով ավելի շատ անձ:
Դատախազությունը նշում է, որ քրեական հետապնդման ենթարկված անձանցից 590-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Նրանց թվում են, մասնավորապես՝ պաշտոնաթող նախագահ, Ազգային ժողովի 2 պատգամավոր, 4 նախարար, 1 փոխնախարար, 3 դատավոր, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, ՀՀ ՊՆ տեղակալ` ՆՏԱԴ պետ, Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, 2 մարզպետ, Երևանի նախկին քաղաքապետ, ինչպես նաև ԱԱԾ, ոստիկանության, քննչական կոմիտեի, քրեակատարողական հիմնարկների, ՊԵԿ-ի, հարկադիր ծառայության տարբեր աստիճանի պաշտոններ զբաղեցնող 51 աշխատակից:
Ըստ հաղորդագրության, քրեական հետապնդման են ենթարկվել նաև առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության, էներգետիկայի և բնական պաշարների, տեղական ինքնակառավարման, զինված ուժերի, այդ թվում՝ ՀՀ ՊՆ ԳՇ ՌԵՊ վարչության պետ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ, ՊԲ ԿՇ և ԶԲ գծով տեղակալ, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության նախկին պետ, ՀՀ ՊՆ-ում բարձրագույն սպայական խորհրդատվական խորհրդի անդամ, զինկոմի տեղակալ, հանձնաժողովի նախագահ և այլ ոլորտների ներկայացուցիչներ։