Մատչելիության հղումներ

«Ես էլ դուրս կգամ, ոչ մեկը ստեղ չի մնացել». բանտերի բնակչության թիվը կիսով չափ կրճատվել է


Արմինե Հայրապետյանը
Արմինե Հայրապետյանը

Արմինե Հայրապետյանը կամ, ինչպես Աբովյան քրեակատարողականում են նրան կանչում, Բուբուշը 9 ամսից ազատության մեջ կլինի։ «Մենք պիտի մեզ փոխենք, դա մեր մեջից պիտի լինի, ասենք աշխատողները մեր ընտանիքի պես են, լուրջ եմ ասում: Մեկ-մեկ պահ ա գալիս, ինձ ասում են` Բուբուշ, առանց քեզ ո՞նց ենք անելու, մականունս Բուբուշ ա: Ասում եմ` դե լավ էլի, թողեք գնամ էլի, մի հատ երեխա ունեմ: Ախր առանց քեզ շատ տխուր կլինի», - պատմում է նա:

Վերջին շրջանում կանանց գաղութից շատերը հեռացան, ինքը մնաց, քանի որ 5-6 անգամ է դատվել, ընդ որում նույն թեմայով` բնակարանային գողություն, վերջինը միլպետի տունն էր. «Չէ, ես չեմ բացել, բաց դուռ ա եղել, ես չեմ բացել: Դե հիմա, ամեն մարդ մի բան արել ա, հիմա նենց չի որ, մարդ կա, մի ուրիշ հոդվածով կարա նստի, դե իմն էլ էտ ա»:

Եվ քանի որ կրկնահանցագործ է համարվում, վաղաժամկետ ազատման հույս չկա. «Պրոբացիան ինձ մերժում ա, ասում ա` ռեցիդիվ ունի, ես դրանից չեմ նեղվում, որովհետր դառը ճշմարտությունն ա դա ընդամենը, ուրիշ ոչ մի բան»:
Բայց հիմա Արմինեն բարելավված պայմաններ ունի` բանտարկյալի համար նախատեսված 4 քառակուսի մետրից ավելի:

Հայաստանյան բանտերը թեթևանում են, 2010 և 2020 թվականների համեմատականից երևում է՝ բանտի բնակիչների թիվը կրճատվել է 50 տոկոսով. Եվրոպայի խորհուրդն է քրեական վիճակագրություն ներկայացրել, Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշով երկրների ցանկում է՝ Գերմանիայի, Շվեդիայի կողքին։

«Եվրոպայի խորհրդի երկրների շրջանում Հայաստանում միջին խտության մակարդակից անգամ երկու անգամ ավելի պակաս թվով ազատազրկվածներ ունի քրեակատարողական հիմնարկներում», - ասում է ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը:

Արփինե Սարգսյանն ասում է՝ տարիներ շարունակ միջազգային կառույցներն ահազանգել են հայաստանյան բանտերի գերբեռնվածության մասին, վերջին երկու տարում պատկերը փոխվել է: Այս ամենը, ըստ վարչության պետի, պատժի կրումից վաղաժամկետ ազատման ինստիտուտի բարեփոխման արդյունք է. «Սահմանեցինք մի շարք չափանիշներ, որ դատապարտյալը հասկանա` իր վարքագծում որ հանգամանքներն են կարևոր, որ հանգամանքներն ինչպես պետք է գնահատվեն, և արդյունքում բնականաբար, կանխատեսելի կլինի իր համար, թե արդյոք նա կարող է վաղաժամկետ ազատվել, թե ոչ»:

Այժմ Հայաստանի 12 ազատազրկման վայրերում մնացել է 2014 մարդ, կեսը կալանավորներ են, մյուս կեսը` դատապարտյալներ: Ըստ Արփինե Սարգսյանի՝ 2018 թվականի համաներմամբ 680 դատապարտյալ դուրս եկավ բանտերից, բայց ասում է՝ վիճակագրական առումով ավելի զգալի է վաղաժամկետ ազատվածների թիվը. «18 թվականից առ այսօր մենք ունենք 1040 անձ, ովքեր պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել են: Եվ սա համադրելով արդեն համաներման 680 անձանց հետ` ակնհայտ է, որ ոչ թե համաներումն է հիմնական պատճառը եղել, որ արհեստականորեն իջել է ազատազրկվածների թիվը, այլ կայուն պատժից ազատման ինստիտուտը, որը վաղաժամկետ ազատման ինստիտուտն է, դրա կատարելագործման արդյունքում է, որ մենք նվազում ունենք»:

Արփինե Սարգսյանի կարծիքով՝ քրեկատարողական հիմնարկներում ոչ ֆորմալ կրթությունը, զանազան մասնագիտական ծրագրերը օգնում են, որ այդտեղ ապրողները լավ վարքագիծ ձևավորեն, ազատ արձակվեն ավելի շուտ և հետո երբեք չվերադառնան բանտ։ Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության մեջ հատուկ ընդգծված է՝ կին բանտարկյալները Հայաստանում բանտարկյալների ընդհանուր թվի 3.1 տոկոսն են կազմում. եվրոպական միջինից ցածր ցուցանիշ է։

«Աբովյան» քրեակատարողականում այժմ 60 կին կա, վերջին մեկուկես տարում 25 հոգի է դուրս եկել այստեղից, ասում է հիմնարկի պետ Արմեն Մարտիրոսյանը. «Պայմանական վաղաժամկետ ազատումներն ավելի հաճախակի են դարձել: Դա մեկ, և երկրորդը` խափանման միջոցները կապված կորոնավիրուսի հետ բավականին շատ են դեպքերը, երբ դատարաններն ընտրում են խափանման միջոցներ` ստորագրություն կամ գրավ»:

Լիլիան կանանց գաղութի գրադարանավարուհին է, աշխատում է ու վճարվում դրա համար, համարյա բոլոր կին դատապարտյալներն այստեղ վճարովի աշխատանք ունեն: Խարդախության համար դատապարտված Լիլիան շեշտում է հատկապես սոցիալական աշխատողների ու հոգեբանների աշխատանքը: Հասկանում են մեզ, օգնում, որ չկորցնենք մեզ, ասում է` այստեղ հայերենի, անգլերենի վարսահարդարման դասերին զուգահեռ նաև հույզերի կառավարման դասընթաց կա. «Կապ չունի` հանցագործ ենք, հանցագործություն ենք արել, բայց նաև այստեղ կարողանում ենք մենք մեր պահել, ինչպես հայտնի առակում է ասում` պետք է ամեն մեկս մեր բաժին երկիրը պահենք»:

Ուկրաինուհի Իլիանան Հայաստան` կանանց գաղութ է ընկել թմրամիջոցների գործով. նա էլ մաքրուհի է աշխատում և երազում դառնալ վերջին կին դատապարտյալը:

Կանանց գաղութում 90-ականներին 500 դատապարտյալ կար, այդ թվում նաև երեխաներ, այժմ դատապարտված անչափահասներ այստեղ չկան, միայն մի քանի հոգի կալանքի տակ են:

«Շատ ռաբիզ եմ, բայց ստեղ ռաբիզից մի քիչ դուրս եմ եկել», - 40-ամյա Արմինեն 9 ամսից ազատության մեջ կլինի ու կփորձի նոր կյանք սկսել հերթական անգամ. «Պիտի որ ամուսնանամ մինչև տարվա վերջ, այո, կա: Դուրս եկա, կամուսնանամ, նենց ա, որ ոչ մեկը չի եկել, էստեղ մնացել, ով էլ եկել է` գնացել ա»:

Հիմա պնդում է, որ երբեք գաղութ չի վերադառնա, այսինքն` գողություն չի անի, նույնիսկ եթե միլպետը դուռը բաց է թողել:

XS
SM
MD
LG