Մատչելիության հղումներ

ՔԿՀ-ներում մահվան դեպքերը հիմնականում պայմանավորած են առողջական խնդիրներով, հետո ինքնասպանության. դիտորդական խմբի ղեկավար


Ինչո՞ւ և ինչի՞ց է երեկ կեսգիշերին «Նուբարաշենի» բանտում մահացել 46-ամյա դատապարտյալը։ Այս հարցերի պաշտոնական պատասխանները դեռ չկան։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ից միայն ասում են՝ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնությունը տեղափոխել է քաղաքացիական հիվանդանոց, մեկ օր անց կրկին վերադարձել է բանտ, իսկ հաջորդ օրը կեսգիշերին ՔԿՀ-ի աշխատակիցը խցում հայտնաբերել է նրա անշունչ մարմինը։

«Ինքնազգացողության վատացում է արձանագրվել, անձն առավոտյան չի ներկայացել մեթազոնի հերթական չափաբաժինը ստանալու, ինքը գտնվել է մեթանոզային փոխարինող բուժման ծրագրում: Բուժքույրը մոտեցել է խուց, հասկանա՝ ինչն է խնդիրը, տեսել է, որ շատ թույլ է արձագանքել հարցերին: Շտապօգնությունը տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունին» դուրս է գրել, համոզված եմ, որ գտել է, որ այլևս հիվանդանոցում մնալու կարիք չկա, այսինքն՝ վիճակը կարգավորվել է, կայունացել է, դուրս է գրել»:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանը թեև ասում է՝ հանգուցյալ դատապարտյալն առողջական խնդիրներ ունեցել է, բայց դրանցից մեկը հաղթահարել է, բուժումն ավարտվել է այս տարվա ապրիլին։ Ըստ Բաբայանի՝ մահվանից առաջ գանգատներ չի ունեցել։ Այդ դեպքում ինչո՞ւ է տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, Բաբայանն ասաց՝ ինքնազգացողությունն էր վատացել, բայց քաղաքացիական հիվանդանոցից վերադառնալուց անմիջապես հետո առաջարկել են դատապարտյալների հիվանդանոցում շարունակել հետազոտվել, դատապարտյալը գրավոր հրաժարվել է:

«Հիմնարկի ստորաբաժանման ղեկավարի կողմից միջնորդագիր է ներկայացվել պետին՝ անձին տեղափոխելու «Դատապարտյալների հիվանդանոց», որովհետև ամեն դեպքում մեզ համար էլ էր բան, որ մեկ օրով այդպես ինքնազգացողությունը վատացավ, ուզեցինք՝ շուրջօրյա բժշկական հսկողության տակ պահենք, անձը հրաժարվեց», - նշեց նա:

Ինչո՞ւ է դատապարտյալը դուրս գրվել «Էրեբունի» ԲԿ-ից, հարցի պատասխանը չկարողացանք ստանալ հիվանդանոցից, կապ հաստատել որևէ մեկի հետ չհաջողվեց։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը թեև ասում է՝ դատապարտյալը հանկարծամահ է եղել, այդուհանդերձ շարունակում է՝ մահվան պատճառների մասին կարող են խոսել միայն մահվան եզրակացությունն ունենալուց հետո: Դեպքի առնչությամբ քրեակատարողական ծառայության տարածած պաշտոնական պարզաբանումն էլ հստակություն չի մտցնում, տեքստում պարզապես շարադրված են դատապարտյալի մահվանից առաջ ու դրան հաջորդած իրադարձությունների ընթացքը, փաստացի այն, ինչ ՊՈԱԿ-ի փոխտնօրենն ասաց։

Քննչական կոմիտեից էլ փոխանցեցին՝ 46-ամյա դատապարտյալի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը)։ Նախաքննություն է իրականացվում, այս պահին առաջնային միջոցներ են ձեռնարկվել մահվան պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«ՔԿՀ-ներում առհասարակ մահվան դեպքերը հիմնականում պայմանավորած են առողջական խնդիրներով, հետո նոր ինքնասպանության, իսկ ավելի քիչ դեպքերում՝ հացադուլի պատճառով»,- ասում է հայաստանյան բանտերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանը՝ շարունակելով. «Բուժանձնակազմը համալրված չէ, ամեն տարի մենք ուղարկում ենք նաև հարցումներ, թե որքանով թափուր են, և թափուր հաստիքներ բավականաչափ կան: Ամենասուրը դրված է հոգեբույժների խնդիրը: Մյուս կողմից կա խնդիր նաև բուժանձնակազմի տարբեր նեղ մասնագիտացված հաստիքներում համալրում, ինչպես նաև օրինակ՝ բուժբաժնի ղեկավարի հաստիքի, որը կոնկրետ «Նուբարաշենում» արդեն տևական ժամանակ թափուր է»:

Որպեսզի համակարգային խնդիրը պարզ դառնա, Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է յուրաքանչյուր գործ մինչև վերջ բացահայտվի. «Մահը գրանցվելուց հետո ամբողջ թղթաբանությունը տեղափոխվում է քննչական մարմինների զննության ներքո, և այդ պարագայում պետք է շատ թափանցիկ և հրապարակային հայտնվեն այն բոլոր խնդիրները, որոնք վեր են հանվել, որպեսզի հնարավոր լինի վերլուծություն կատարել: Դեռևս չունենք նույնիսկ մահվան դեպքերով այդպիսի համապարփակ վերլուծություն, թե քննչական գործողությունները ինչ են վեր հանել, որտեղ է եղել խնդիրը, որտեղ է եղել բացթողումը, որտեղ ժամանակին պատշաճ կերպով չի ցուցաբերվել օգնություն, որպեսզի անձը չզրկվի կյանքից: Այստեղ կյանքի իրավունքի խնդիր է, որի հանդեպ պետությունը պիտի ավելի աչալուրջ և թափանցիկ լինի»:

Դիտորդական խմբի տվյալներով՝ նախորդ տարի ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 13, ինքնասպանության 3 և ինքնավնասման 366 դեպք։ Իսկ այս տարվա միայն առաջին կեսի տվյալներով 9 մարդ է բանտում մահացել, մեծ մասը՝ առողջական խնդիրների պատճառով։ Այս տվյալներով ամենաբարձր ցուցանիշը 2014-ին է արձանագրվել։ Բայց, ըստ Հովհաննիսյանի՝ այն ժամանակ ազատազրկվածները 4000-ից ավելի էին, իսկ հիմա այդ թիվն ուղիղ կեսով կրճատվել է։ Դիտորդական խումբը թեև հաջորդող տարիներին մահվան դեպքերի աճ չի արձանագրել, բայց դեպքերն անհանգստացնող են համարում, հատկապես որ չկա խնդիրների խորքային վերլուծություն։ Զարուհի Հովհաննիսյանը հավելում է՝ հարուցվում են քրեական գործեր, դրանք հասնում են իրավապահներին, ու հենց այդտեղ էլ պատմությունն ավարտվում է, գործն ամբողջությամբ այդպես էլ չի բացահայտվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG