Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Մեծ կարևորություն ենք տալիս կրիմինալ մտածողության, կոռուպցիայի դեմ պայքարին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ Քննչական կոմիտեում ներկայացնելով կառույցի նորանշանակ ղեկավար Հայկ Գրիգորյանին, մասնավորապես ասել է․ - «Տեղյակ եք անշուշտ, որ ընթացիկ իրավիճակում շատ մեծ կարևորություն ենք տալիս օրինականության հաստատմանը, հանցավորության դեմ պայքարին, կրիմինալ մտածողության դեմ պայքարին, կոռուպցիայի դեմ պայքարին: Եվ սա Հայաստանի Հանրապետության հանրային կյանքում տեղի ունեցող կարևորագույն գործընթաց է: Բայց մենք նաև ընդգծում ենք, որ այս գործընթացներում պետության խնդիրը ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ: Մեր խնդիրն է Հայաստանի Հանրապետությունում օրինականություն ապահովելը: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրն է նաև պետությանը հասցված, ժողովրդին հասցված վնասները մինչև վերջին կոպեկը, մինչև վերջին լուման վերականգնելը: Եվ ես հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն իր հսկայական ռեսուրսով իրապես եռանդով և անկեղծորեն կլծվի այս գործին»:

Հայաստանի ամենամեծ քննչական մարմինը՝ Քննչական կոմիտեն ստեղծման օրվանից շուրջ 4 տարի գլխավորած Աղվան Հովսեփյանը հրաժարական էր ներկայացրել մեկ ամիս առաջ: Գործադիրի երեկվա նիստում Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվեց մինչը այդ կառույցի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հայկ Գրիգորյանը:

Երեկ խոսելով Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամների առաջ՝ վարչապետը ընդգծեց, որ երկար տարիներ քննչական մարմինների ու հանրության միջև անվստահություն է ձևավորվել, ինչը պետք է վերափոխվի և նոր էջ բացվի Քննչական կոմիտեի գործունեության մեջ․ - «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Հայաստանի քննչական կոմիտեն և քննչական մարմինները բարոյապես ի վիճակի չեն շրջել ճշմարտությունը՝ սևը ներկայացնել որպես սպիտակ, սպիտակը ներկայացնել որպես սև: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ Քննչական կոմիտեի և ընդհանրապես իրավապահ մարմինների համար բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ՝ անկախ իրենց անուն-ազգանունից, կենսագրությունից, ծագումից, նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոններից»:

Փաշինյանի խոսքով՝ տեղի ունեցած փոփոխությունները ապացուցել են, որ սխալ էր նախկինում ընդունված կարծիքը, թե ուժեղինը բռնության մշակույթն է, իսկ սիրո ու համերաշխության մշակույթը՝ թույլինը․ - «Սխալվում են բոլոր նրանք և կսխալվեն բոլոր նրանք, ովքեր սեր և համերաշխություն բառերի հաճախակի օգտագործումը և այդ բառերի շրջանակում տեղավորվող աշխարհահայացքը կձևակերպեն կամ կմեկնաբանեն որպես թուլության սիմվոլներ»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի պնդմամբ՝ տարիներ շարունակ քննչական մարմինները առաջնորդվել են ոչ թե օրենքով, այլ իշխանության հրահանգով ու դեռևս այդ կառույցներում հեղափոխության ազդեցությունը չի նկատվել․ - «Հայկ Գրիգորյանը նույն համակարգի մարդ է և շատ լավ գիտի այդ ապականված համակարգը: Ու հիմա պետք է ինքը իրեն դուրս դնի այդ համակարգից: Ընդհանրապես ցանկացած նոր գործ պետք է դրվի նոր հիմքերի վրա: Այսինքն, պետք է հասկանան, որ տեղի է ունեցել հեղափոխություն իրենց նաև ուղեղներում, որ պետք է աշխատեն օրենքով»:

Եռօրյա այցով Բրյուսել մեկնելուց առաջ Փաշինյանը երեկ նաև խորհրդակցություն է հրավիրել Հյուսիս - հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ:

Հայաստանն ամբողջ երկայնքով անցնող մայրուղու կառուցումը համարելով երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ ծրագիրը՝ Փաշինյանն ընդգծել է, որ շինարարության մեկնարկից սկսած առկա խնդիրներով պետք է զբաղվեն նաև իրավապահները․ - «Ես այս պահին, բնականաբար, որևէ կանխավարկած չունեմ: Պարզապես մամուլում հնչած, նաև տարբեր ամբիոններից, տարբեր հարթակներից հնչած տեղեկատվությունը, այդ թվում պաշտոնական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը որոշակի մտահոգություններ և անհանգստություն է առաջացնում: Եվ պետք է հասկանանք, թե ինչքանով են այդ մտահոգությունները փարատվում և ինչքանով չեն փարատվում, և ինչքանով այդ մտահոգությունները կարող են ունենալ նաև քաղաքացիաիրավական և քրեաիրավական հետևանքներ»:

Վարչապետն ասել է, որ պետք է երաշխավորվի ճանապարհի կառուցման որակը․ - «Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG