Մատչելիության հղումներ

«Ոչ մի չինովնիկ իր կերածը չի մարսելու, իր լափածը, գողացածը չի մարսելու». Նիկոլ Փաշինյան


«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավն այսօր շարունակվեց Արմավիրի և Արագածոտնի մարզերում։ Դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց տնտեսության զարգացման իրենց ծրագրերի մասին։ Բացի այդ ծրագրերից խոսեց նաև ներքաղաքական հարցերի մասին, անդրադարձավ Հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու Ազգային ժողովի նիստի տապալմանը, և այն մեկնաբանություններին, թե Արամ Հարությունյանին այս օրերին կալանավորելու և անձեռնմխելիությունից զրկելու իշխանության քայլը պայմանավորված է նախընտրական քարոզարշավով։

Այս մասին, հատկապես, խոսել էր Դաշնակցական պատգամավոր, Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը, այն որակելով որպես նախընտրական քարոզչության շրջանակում բեմականացում։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախաքննությունն իր տրամաբանությունն ունի ու եթե ապացույց է ձեռք բերվում, ապա պետք է այն բնականոն հունով ընթացք ստանա։

«Նախաքննությունն ունի իր տրամաբանությունը։ Երբ որ ապացույց է ձեռք բերվում, այդ ապացույցը պետք է ստանա իր ընթացքը, և քաղաքական խոչընդոտներ էդ ընթացքի համար չպետք է լինեն, բայց լուծարված Ազգային ժողովը էդ քաղաքական խոչընդոտը ստեղծել է։ Պետք է քննարկվեր դատախազության միջնորդությունը նրան որպեսզ մեղադրյալ ներգրավելու։ Բա ի՞նչ էիք մտածում, բա հո մարդիկ անիմաստ գործի չէին գալիս-գնում, 14 միլիոն, բա իրանք հո տենց մելկի տղե՞րք չեն, իրանք տենց 14 միլիոն լինի, 20, 30, 50, 500, միլիարդ... ու հիմա ամենակարևոր արձանագրումը, բայց Ազգային ժողովում քվորում չկա, որ Արամ Հարությունյանի հարցը լուծվի։ Դրա համար էլ մենք էդ Ազգային ժողովը ցրեցինք», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցնի և քրեական գործի ընթացքը կշարունակվի բնական հունով։ 14 միլիոն դոլար՝ մի գործով, էն պատմությունն է «չոռ ուտի նանը», ամենքդ մի 14 միլիոն դոլար որ տաք, մենք էլ արանքում յոլա կգնան, իսկ եկեք նայենք մեր ճանապարհների վիճակը, մեր զինվորների վիճակը»։

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը խոսեց նաև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու մասին։ Նա ասաց, որ նոր Հայաստանում չինովնիկները, եթե համարձակվեն կաշառք վերցնել, ապա նրանք ավելի խիստ են պատժվելու քան նախկինում։ Հայտարարեց, որ դատական համակարգում կոռումպացված դատավորները շատ են և նրանք նույնպես, մեկ առ մեկ պատասխանատվության են ենթարկվելու։

«Հայաստանի դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները և այդ դատավորներին էլ հատ-հատ բերելու ենք պատասխանատվության։ Այնքան տարի ապօրինի մարդկանց լցրել են բանտերը, բա «Մարտի 1»-ի գործով Եվրադատարանն արդեն վճիռներ է սկսել կայացնել՝ տասնյակ գործերով, էդ դատավորներին թվում է, թե իրենք մարսելու են։ Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում՝ ներկա կլինի, նախկին կլինի, ապագա կլինի, ոչ մի չինովնիկ իր կերածը չի մարսելու, իր լափածը, գողացածը չի մարսելու», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ նախընտրական քարոզարշավի իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ որոշ ուժեր որոշել են դառնալ դավադիր պատերազմի հրձիգ իրենց սադրիչ հայտարարություններով, թե հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ։ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ այս հայտարարություն անողներով պետք է զբաղվեն Ազգային անվտանգության ծառայությունը և ռազմական հակահետախուզությունը։ Վարչապետի պաշտոնակատարի այս ելույթի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ եղան, արձագանքեց նաև դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը` ասելով, որ այդ անհասցե հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը տեռորի մթնոլորտ է ստեղծում երկրում։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Փաշինյանը կրկին պարզաբանեց, թե ինչ նկատի ուներ. - «Ինչո՞ւ անհասցե։ Ես ասում եմ, որ եթե ուրեմն կան մարդիկ, ովքեր հայտարարում են, որ հեղափոխությունը ծրագիր է Արցախի դեմ դավադրություն անելու, Արցախը հանձնելու համար դա հասկանո՞ւմ եք, որ իրանք պետական դավաճանության մեղադրանք են ներկայանցնում։ Հիմա էդ մարդիկ անհասցե հայտարարություն են անում, հիմա պետք է համապատասխան մարմինը, դա ազգային անվտանգության խնդիր է, պետք է այդ մարդկանց հրավիրեն ասեն՝ տվեք ձեր տվյալները։ Եթե, ուրեմն, կա էդպիսի բան, ուրեմն պետք է էդ դավադիրները հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ եթե պարզվի դուք ընդամենը սուտ հայտարարություններ եք անում, առնվազն հանրությունը պետք է իմանա, որ դուք սադրիչ, ստախոսներ եք, էդքան բան։ Շատ պարզ տրամաբանություն է, ի՞նչ անհասցե»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG