Մատչելիության հղումներ

Դատավորների հաճախակի փոփոխությունը՝ դատարանների ծանրաբեռնվածության գլխավոր պատճառ


Դատարանների աճող ծանրաբեռնվածությունը լուրջ խնդիր է դարձել թե՛ տուժողների, թե՛ մեղադրյալների համար, փաստում է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի իրականացրած հետազոտությունը։

Երևանում և 6 մարզերում կատարված մշտադիտարկման արդյունքներով՝ դատարանների ծանրաբեռնվածության գլխավոր պատճառը դատավորների հաճախակի փոփոխությունն է։ Օրինակ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից վերջին օրերին միանգամից 4 դատավոր տեղափոխվեց Երևան, ինչը ենթադրում է, որ նրանց քննած գործերը նոր դատավորները պետք է զրոյից սկսեն։ Դրա բացառման համար պետք է դատավորների աշխատանքի հստակ ժամկետ սահմանվի, կարծում է ուսումնասիրության իրավախորհրդատու Գայանե Գևորգյանը։

«6 ամսվա ընթացքում հնարավոր է ավարտին հասցնել, հատկապես քրեական գործերով, 3-ից մաքսիմում 5 գործեր: Այսինքն, նշանակում է, որ իրենց վարույթում եղած գործերը որպեսզի տրամաբանական ավարտին հասցնեն և ռեսուրս չծախսվի և քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներ չարձանագրվեն, գոնե նվազագույնը 5 տարի վերջինս իր վարույթում եղած գործերն ավարտի ու տեղյակ լինի, որ նվազագույնը 5 տարի մարզում որպես դատավոր է նշանակված լինելու», - ասաց իրավախորհրդատուն:

Գևորգյանը նշում է, որ եղել են դեպքեր, երբ դատական գործն այնքան է ձգձգվել, որ հայցվորը կամ պատասխանողը մահացել են. - «Կողմերիցս երկուսն էլ մահացան: Հայց ներկայացրի՝ պատասխանողը մահացավ, սպասեցինք, մինչև վերսկսվի գործը, 6 ամիս՝ հայցվորը»:

Կան դեպքեր, երբ ամիսներ շարունակվող գործի քննությունը հասնում է վերջին փուլին, և այդ ժամանակ էլ դատավոր է փոխվում, ու նույն գործընթացը նորից է սկսվում։

Փաստաբան Թամարա Յայլոյանը փաստում է՝ արդյունքում պետությունը նույն գործի քննության համար մի քանի դատավորի է վճարում, բոլոր կողմերը ժամանակ են կորցնում, բայց դատարանի վերջնական վճիռ չի էլ կայացվում։ Խնդիր է առաջանում նաև փաստաբանների համար, որոնք մեկ տարվա փոխարեն մասնակցում են մի քանի տարի ձգձգվող դատական գործերի ու ֆինանսական կորուստներ ունենում։ Այժմ մի խումբ փաստաբաններ պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընդդեմ պետության ու փոխհատուցում պահանջել։

«Նոր դատավորը գալիս է՝ նորից սկզբից սկսելու եմ, չէ՞: Ես էդ գործող պայմանագրով ընդդեմ պետությանը հայց եմ ներկայացնելու, որ «պետություն, հիմա էս ամբողջ նոր պրոցեսը, որին պետք է մասնակցեմ, դո՛ւ ինձ պետք է վճարես»: Բա ես ինչի՞ եմ պարտավոր՝ գամ, գամ հասնեմ, և էդ գործով արդեն երրորդ անգամ եմ գալիս հասնում էդ կետին ու նորից հետ եմ գնում», - ընդգծեց Յայլոյանը:

Դատարանների ծանրաբեռնվածությունն ուսումնասիրած «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ մարզային դատարանները շատ դատավորների համար, հիմնականում, մասնագիտական առաջխաղացման ցատկահարթակ են հանդիսանում։

«Ամենակարևորը՝ էդ տրամպլինի սինդրոմը բացառելուն ուղղված գործողություններից պիտի սկսել, որ դատավորները, ովքեր մարզերում նշանակվում են աշխատելու, իրենք իմանան, որ շատ կոնկրետ էսինչ ժամկետով պիտի սահմանափակված լինեն, գոնե էդտեղից թռնել, փախնել, գնալ չպիտի լինի», - նշեց Բարսեղյանը:

Դատական գործերի ձգձգման պատճառներից է նաև այն, որ քրեակատարողական հիմնարկներից մեղադրյալները դատարան չեն տեղափոխվում, քանի որ փոխադրող մեքենա չի տրամադրվում։

«Հենց էդ պատճառով հետաձգվեց, որ մեքենա չկա՝ «չենք կարող բերել, գնացել ենք Երևանից ուրիշ մարդ բերելու», - պատմեց Յայլոյանը:

«Հազար ներողություն, էդ ի՞նչ մի պատմություն է՝ ավտոմեքենա, մի քանի հաստիք վարորդի, որպեսզի մեղադրյալին կամ կալանավորին հասցնեն քրեակատարողական հիմնարկից դատարան», - ընդգծեց Բարսեղյանը:

Ըստ ուսումնասիրության՝ դատաքննությունների ձգձգման պատճառներից են նաև փորձաքննությունների, ծանուցումների ուշացումները և ոչ էական, տեխնիկական հարցերով պայմանավորված այլ ձգձգումները, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում արդար դատաքննության ու մարդկանց ճակատագրերի վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG