Վարչապետ նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանին:
Վարչապետի կայքի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ Քննչական կոմիտեն Հայաստանի ամենամեծ քննչական մարմինն է, հետևաբար նրա ազդեցությունը քրեաիրավական վիճակի վրա, օրինականություն հաստատելու, հանցագործության պարագայում պատժի անխուսափելիությունն ապահովելու գործում չափազանց մեծ է:
«Հույս ունենք, որ քաղաքական նոր իրավիճակում այս նշանակումով նոր էջ կբացվի ՔԿ գործունեության մեջ և ՔԿ-հասարակություն հարաբերություններում: Կարծում եմ, որ այս նշանակման տրամաբանությունը պարզ է. մենք ուզում ենք, որ ինչպես Հայաստանի քաղաքական կյանքում, այնպես էլ հանրային պետական կյանքի բոլոր բնագավառներում տեղի ունենա որակյալ սերնդափոխություն, ինչի արդյունքում այն լավագույնը որ կա, գոյություն ունի, այդ թվում՝ ՔԿ-ում, պահպանվի, զարգանա, իսկ այն նեգատիվը, որը նույնպես գոյություն ունի, այլևս գոյություն չունենա: Տեղյակ եք, որ ընթացիկ իրավիճակում մեծ կարևորություն ենք տալիս օրինականության հաստատմանը, հանցավորության, կրիմինալ մտածողության, կոռուպցիայի դեմ պայքարին և սա ՀՀ հանրային կյանքում տեղի ունեցող կարևորագույն գործընթաց է: Բայց մենք նաև ընդգծում ենք, որ այս գործընթացներում մեր խնդիրն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ, մեր խնդիրն է՝ ՀՀ-ում օրիանականություն ապահովելը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրն է նաև պետությանը, ժողովրդին հասցված վնասները մինչև վերջին լուման վերականգնելը: Հույս ունեմ, որ ՔԿ-ն իր հսկայական ռեսուրսով, եռանդով և անկեղծորեն կլծվի այս գործին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հայկ Գրիգորյանը իր հերթին ասել է.- «Գիտակցում եմ, որ այս պատմական ժամանակաշրջանում պարտավոր եմ մեր գործունեության ընթացքում պարբերաբար, շարունակական ժողովրդի վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ՝ հանձինս Քննչական կոմիտեի, օրեցօր ավելացնել: Մեր գործելաոճի հիմնական սկզունքներն են լինելու թափանցիկությունը, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների խսստագույնս պահպանումը»:
Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր ժամանակներում Հայաստանում քրեադատավարական որոշումները ոչ միայն կհամապատասխանեն քրեական օրենսգրքին, ընթացակարգերին ու կանոնակարգերին, այլև իրականությանը: Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Քննչական կոմիտեն ու քննչական մարմինները բարոյապես ի վիճակի չեն շրջել ճշմարտությունը՝ սևը ներկայացնել որպես սպիտակ, սպիտակը՝ որպես սև:
«ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ Քննչական կոմիտեի համար բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ անկախ իրենց անուն ազգանունից, կենսագրությունից, ծագումից, նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոններից: Սա կարևորագույն խնդիր է, որի լուծումից մեծապես կախված է այն տրամադրությունը, որ հասատատված է ՀՀ-ում և այն իրականությունը, որ կառուցում ենք այսօր: Մեր երկրում հաղթել է սիրո և համերախշխության հեղափոխությունը, բայց սխալվում են և կսխալվեն բոլոր նրանք, ովքեր սեր և համեշախություն բառերի հաճախակի օգտագործումն ու այդ բառերի շրջանակում տեղավորվող աշխարհահայացքը կձևակերպեն կամ կմեկնաբանեն որպես թուլության խորհրդանիշներ»,- ասել է վարչապետ: