Մատչելիության հղումներ

Օսկանյանը լիազորություն ստանալու դեպքում խոստանում է բեկում մտցնել բանակցային գործընթացում


Փաշինյանի խոսնակը, ի պատասխան, հիշեցնում է Օսկանյանի պաշտոնավարման տարիները։ 

«Մենք վերցնում ենք պատասխանատվություն, ես ձեզ վստահեցնում եմ՝ բանակցություններում լինելու է հայանպաստ լրջագույն, կտրուկ փոփոխություն», - հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարարը։

Վարդան Օսկանյանը լիազորություն ստանալու դեպքում խոստանում է կարճ ժամանակում բեկում մտցնել բանակցային գործընթացում։ Սակայն նա պայման է դնում՝ Փաշինյանը 3 ամիս պետք է լռի, քանի որ նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ «Փաշինյանի խոսելը հայ ժողովրդի գլխին բերել է պատերազմ» և պատերազմից հետս էլ այս ողջ ժամանակահատվածում նրա խոսնելը է'լ ավելի է խորացրել եղած խնդիրները։

«Առաջին պայման. որ լիազորություն տրվի մի խումբ դիվանագետների, և ես պատասխանատվություն վերցնում են այնտեղ կտրուկ՝ երկու-երեք ամսվա ընթացքում իրավիճակ փոխելու, բայց այդ երկու-երեք ամսվա ընթացքում Փաշինյանը ուղղակի պետք է լռի, չխոսի», - ասել է Վարդան Օսկանյանը։

Վարչապետ Փաշինյանի խոսնակն ի պատասխան հիշեցնում է Վարդան Օսկանյանի պաշտոնավարման տարիները և եզրակացությունը թողնում հանրությանը։ Նազելի Բաղդասարյանը սակայն այդպես էլ հստակ չպատասխանեց, թե վարչապետը ինչ է մտածում Օսկանյանի առաջարկի մասին։

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե հնարավոր է, որ նրան տրվի այդպիսի լիազորություն, և նա իսկապես փորձի բեկումնային փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում, Բաղդասարյանն արձագանքեց. - «Ես շարունակում եմ պնդել, որ վարչապետի ձևակերպումները և դիրքորոշումները պարզորոշ կերպով հնչել են քննիչ հանձնաժողովում և ավելացնելու այլ բան չկա»։

«Պարզապես հետհայացք գցելով, պետք է հիշեցնել Վարդան Օսկանյանի պաշտոնավարման տարիները և եզրակացությունը թողնել հանրությանը։ Արձանագրում եմ, որ սա ընդամենը պարոն Օսկանյանի կողմից իր անվան շուրջ կապված խնդիրների շատ անհաջող մեկնաբանություն ա», - հավելեց Նազելի Բաղդասարյանը։

Մինչդեռ լիազորություններ ստանալու դեպքում Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարած Վարդան Օսկանյանը խոստանում է երեք կարևորագույն խնդիր լուծել։ Չհստակեցնելով, թե ինչպես է հասնելու դրված նպատակներին՝ նա նշել է, որ նախ պետք է փոխել բանակցությունների տրամաբանությունն ու նարատիվը, տվյալ դեպքում ոչ թե պատերազմի սպառնալիքի տակ գնալ խաղաղության պայմանագիր ստորագրելու, այլ բանակցությունների միջոցով որոնել այն ճիշտ ճանապարհները, որոնք հնարավորություն կտան հասնել կայուն խաղաղության։

Երկրորդ, ընդլայնել բանակցային օրակարգը, քանի որ, ըստ նախկին արտգործնախարարի, այսօրվա բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա. - «Այնտեղ կան միայն Ադրբեջանի պահանջները։ Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում և այլուր բանակցում է միայն ու միայն... Ադրբեջանի պահանջներին այնպիսի փաթեթավորում տա, որը ընկալելի կլինի հայ ժողովրդի համար։ Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս այսօր։ Ադրբեջանը ուզում է իր պահանջները այնպես գրվեն, որ տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություն էլ չլինի»։

Երրորդ կարևոր քայլը, որ պետք է արվի, ըստ Վարդան Օսկանյանի, խորհրդային շրջանի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակի հարցը բարձրացումն է, ինչը, նրա համոզմամբ, նոր հնարավորություններ կբացի քաղաքական և իրավական լուծումներ գտնելու հարցում. - «Այդ փաստի գոյությունը սովետական շրջանում, որ ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, այս փաստը պետք է լինի այսօր բանակցությունների օրակարգում։ Եկեք չմոռանանք, որ այդ փաստն էր այն ժամանակ՝ 1991-ին, որը հնարավորություն տվեց Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման, անցկացնելու ռեֆերենդում»։

Հակադարձելով վարչապետի ավելի վաղ արած հայտարարություններին՝ Վարդան Օսկանյանը պնդեց, որ Հայաստանի որևէ նախկին նախագահ կամ իշխանություն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման բան ասել է։

Օսկանյանի համոզմամբ, Փաշինյանն այժմ փորձում է իր այդ հայտարարությունը կյանքի կոչել՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը, ինչը պետք է թույլ չտալ։

Իշխանությունից լուրջ չեն ընդունում Օսկանյանի հայտարարությունները

Մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լուրջ չի ընդունում նախկին արտգործնախարարի հայտարարություները։ Իշխանական պատգամավորը հիշեցնում է, որ Վարդան Օսկանյանը տասը տարի Հայաստանի արտգործնախարար է եղել, Փաշինյանն էլ այդ ժամանակ վարչապետ կամ նախագահ չէր։

Մինչդեռ Օսկանյանը այդ տարիների ընթացքում, Ալեքսանյանի համոզմամբ, քննարկել է, թե ինչ տարբերակով է Արցախը լինելու Ադրբեջանի կազմում. - «Նույն Վարդան Օսկանյանը բանակցում էր «ընդհանուր պետության» գաղափարի շուրջ, որ Արցախի քաղաքացիները պետք է ստանային Ադրբեջանի քաղաքացիություն։ Անձնագրերում պետք է առանձին գրված լիներ ԼՂՀ։ Դա ճանաչո՞ւմ էր, թե՞ ճանաչում չէ՞ր։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը կանչում էր Արամ Զավենի Սարգսյանին, երբ վերջինս վարչապետ էր իր մոտ, ու գլուխ էր գովում, որ չեխ լրագրողի միջոցով կարողացել է Ալիևի սեղանին դնել փաստաթուղթ, որով առաջարկվում էր Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ, արդյո՞ք դա չէր նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանը ու իր արտգործնախարար Վարդան Օսկանյանը ճանաչում էին Արցախը Ադրբեջանի մաս։ Իմ կարծիքով նշանակում է, առավել քան նշանակում է։ Ու դրանից հետո էկել-ասում են՝ այ որ երեք ամիս էլ լիներ, ես կկարողանայի բեկում մտցնել»։

Վարչապետ Փաշինյանն անցած ամիս 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում պնդեց՝ 1998 թվականին իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը և արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Օսկանյանը 10 տարի փակ դռների ետևում քննարկել և ընդունելի են համարել այնպիսի տարբերակներ, որոնք Լեռնային Ղարաբաղը ճանաչում էին որպես Ադրբեջանի մաս։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG