Պաշտոնական Վաշինգտոնը կառուցողական է համարում այս շաբաթ Արլինգթոնում անցկացված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը: Այդ մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք կարծում ենք, որ բանակցությունները կառուցողական էին: ԱՄՆ պետքարտուղարն այսօր առանձին հանդիպումներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, նրանց հետ կանցկացնի նաև համատեղ հանդիպում: Այսօր նա կտեղեկացնի, թե ինչպես են ընթացել բանակցությունները», - ասել է Միլլերը բանակցությունների ամփոփիչ նիստին նախորդած ճեպազրույցում։
Ապագայում երկու երկրների նախարարներին հրավիրելու հնարավոր ծրագրերի մասին հարցին Միլլերն արձագանքել է. - «Ես չեմ մեկնաբանի հնարավոր հետագա բանակցությունները, մինչև այժմ տեղի ունեցողը չավարտվի»։
Ճեպազրույցից հետո տեղի է ունեցել հայ - ադրբեջանական բանակցությունների ամփոփիչ նիստը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ, որի ավարտին միասնական հաղորդագրություն է հրապարակվել: Ըստ այդ փաստաթղթի, մասնավորապես, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը «համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց»: