Մատչելիության հղումներ

Պատերազմից խուսափելու տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը․ Փաշինյան


«Ես խոստովանում եմ, որ չեմ կարողացել պատերազմի կոնվեյերը կանգնեցնել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննիչ հանձնաժողովի ուղիղ հեռարձակված նիստում պատասխանելով իշխանական պատգամավորների հարցերին՝ անդրադարձավ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակին, պատերազմից խուսափելու տեսական հնարավորությանը, հետախուզական տվյալների ճշգրտությանն ու բանակի մարտունակությանը։

Վարչապետն ասաց, թե 2019 թվականին բանակցային պրոցեսը աշխատանքային մակարդակում ինքն անվանում էր պատերազմական կոնվեյեր, քանի որ գործում էր հետևյալ տրամաբանությունը՝ «խաղաղությամբ տուր այն, ինչ ուզում եմ, այլապես ես այդ նույնը կստանամ պատերազմով»։ Եվ, հետևաբար, իր խնդիրն էր հասկանալ՝ ինչպես կանգնեցնել այդ գործընթացը։

«Եվ ես խոստովանում եմ, որ այո, չեմ կարողացել էդ կոնվեյերը կանգնեցնել», - ասաց վարչապետը։

«Պարտադիր պայման էր հայկական տեսլականից հրաժարվելը»

Փաշինյանը միևնույն ժամանակ նշեց, թե չի պնդում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, պարզապես դրա համար կար պարտադիր մի պայման։

«Ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, եթե պայմանականորեն ասենք, հայկական տեսլականից հրաժարվելը, որը կարող էր տեսական հնարավորության ստեղծել նման զարգացումներից խուսափելու համար», - ասաց գործադիրի ղեկավարը։

«Սպառազինություն գնելու հարցում գումարի խնդիր չի եղել»

Անդրադառնալով 2018-2020 թվականներին բանակի մարտունակությանը՝ Փաշինյանն ասաց, թե ստացել է հավաստիացում, որ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում հեշտ չի լինելու, բայց Պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Փաշինյանը ևս մեկ անգամ պնդեց՝ սպառազինություն գնելու հարցում գումարի խնդիր չի եղել։

Հարցին, թե արդյո՞ք բանակը որևէ սահմանափակում ունեցել է, քաղաքական որոշման արդյունքում որևէ զինատեսակ չօգտագործելու համար, Փաշինյանը պատասխանեց՝ այդ հարցին կանդրադառնա դռնփակ նիստում, այնուամենայնիվ որոշ փակագծեր բացեց. - «Եղել են զինատեսակներ, որոց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել», - ասաց վարչապետը։

Ճշտող հարցին, թե խոսքն «Իսկանդերի՞» մասին է, Փաշինյանը պատասխանեց․- «Ես փակ հատվածում կխոսեմ»։

«Պատերազմի հավանականությունը ընդամենը 30 տոկոս էր գնահատվում»

Փաշինյանն այսօր նաև հայտարարեց, թե մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը, այսինքն՝ պատերազմից երկու օր առաջ համապատասխան մարմինները պատերազմի հավանականությունը ընդամենը 30 տոկոս են գնահատել։

«30 տոկոս է եղել (պատերազմի) հավանականության գնահատումը, և այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև մի շարք այլ տվյալների, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ ունեցած շփումներից։ Ինձ ուրիշ բան էլ ա զեկուցվել. որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս ա։ 30 տոկոսը էդ պայմաններում չգիտեմ մեծ ա թե մեծ չի, և էդպիսի հավանականության էլ ա հնչել, որ սա հոգեբանական ճնշում ա քաղաքական իշխանության վրա, որ գնա քաղաքական իշխանությունը անհամաչափ զիջումների», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Ինձ մի քանի անգամ զեկուցվել ա, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ Հայաստանի զինված ուժերը կտրուկ գործղություններ չիրականացնեն, էսպես ասած՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար։ Եվ ես ուզում եմ շատ բաց և անկեղծ լինեմ ձեզ հետ։ Ես անձամբ էդ գնահատականի հետ էդքան էլ համաձայն չէի»։

«Շոկ էր տեսնել դասալքության կամ դրան նմանվող դեպքերի բավական մեծ ծավալը»

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ ո՞րն է եղել զինված ուժերից վարչապետի ամենամեծ հիասթափությունը, ո՞րն է եղել ամենամեծ բացասական բացահայտումը։ Փաշինյանը պատասխանեց՝ իր համար շոկ էր տեսնել դասալքության կամ դրան նմանվող դեպքերի բավական մեծ ծավալը. - «Սա իրավապահներից ստացված տեղեկատվությունն ա։ 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև այլ հանցագործությունների դեպքերով նախաձեռնված բազմաթիվ քրեական վարույթներ վերաբերվում են ընդհանուր առմամբ շուրջ 12 հազար 600 անձի»։

Քննիչ հանձնաժողովի նախագահը ևս մեկ հարց էլ տվեց Շուշիի մասին։ Ըստ Քոչարյանի՝ նոյեմբերի 9-ի դրությամբ զինված ուժերում կար ավելի քան 117 հազար անձնակազմ, ինչպե՞ս 117 հազարից չգտնվեց 5 հազար մարդ, որը կպահեր Շուշին։ Վարչապետն արձագանքեց՝ այդ դրվագով դատարանում արդեն գործ կա, ապա խոստացավ դռնփակ նիստում այդ մասին խոսել։

«Ինձ զեկուցվել ա, որ Շուշիում մենք զինվոր չունենք, ես հարցրել եմ՝ ինչո՞ւ և ստացել եմ պատասխան, որը դռնփակ ռեժիմով պատրաստ եմ հրապարակել», - ասաց Փաշինյանը։

«Ես ինձ ամեն ինչում եմ մեղավոր համարում»

Մինչև պատերազմը ինքն իրեն կոնկրետ ինչո՞ւմ է մեղավոր համարում. այս հարցին էլ Փաշինյանը պատասխանեց, թե իրեն ամեն ինչում է մեղավոր համարում. - «Քաղաքական, բարոյական, հոգեբանական, մարդկային մակարդակներում։ Բացարձակապես ամեն ինչի մեջ մեղավոր եմ համարում, բայց ասում եմ՝ շատ լավ, էդ դեկլարացիան ա, տեքստը։ Երբ որ սկսում եմ ձևակերպել, ինքս իմ մեղադրական եզրակացությունը, սկսում եմ ձևակերպում եմ, ձևակերպում եմ, ձևակերպում եմ... մեկ էլ ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի»։

Շուրջ վեց ժամ հրապարակային պատասխանելով թիմակիցների հարցերին՝ վարչապետը պատերազմի գաղտնիություն պարունակող հանգամանքների մասին շարունակեց խոսել դռնփակ նիստում։

Խորհրդարանական ընդդմիությունը հենց սկզբից չի մասնակցել Քննիչ հանձնաժողովի աշխատանքին, վարչապետի մասնակցությամբ նիստներն էլ բոյկոտելով՝ դրանք որակել են «շոու»։ Ընդդիմության համոզմամբ, այս ողջ գործընթացի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG