Մատչելիության հղումներ

Ուկրաինացիներն ազատագրել են 2014 թվականից ռուսների վերահսկողության տակ անցած դիրքեր


ՄԱԿ-ի տվյալներով, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը օկուպացված տարածքներում խաղաղ բնակչության ավելի քան 70 արտադատական մահապատիժ է իրականացրել։ Միաժամանակ ռուսական ուժերը ամեն օր ռմբակոծում են ուկրաինական բնակավայրերը։

Բրիտանական հետախույզներն իրենց այսօրվա զեկույցում արձանագրել են ուկրաինական ուժերի առաջխաղացումը Դոնեցկի մարզում, ընդ որում, ուկրաինացիները գրավել դիրքեր, որոնք ռուսների վերահսկողության տակ էին 2014 թվականից։ Խոսքը Կրասնոգորովկա գյուղից արևելք ընկած տարածքի մասին է։

Ընդ որում, Դոնեցկի մարզում ուկրաինացիները գրոհում են միանգամից մի քանի ուղղություններով, և նրանց այստեղ դիմադրում են այսպես կոչված՝ Դոնեցկի Հանրապետության զինված ուժերն ու չեչենական ջոկատները։

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման հաջողությունների մասին զգուշավոր են խոսում։ Այդուհանդերձ Զինված ուժերի խոսնակն այսօր զեկուցել է, որ բանակը առաջ է գնում միանգամից մի քանի ուղղություններով. - «Ուկրաինայի պաշտպանական ուժերը շարունակում են հարձակողական գործողություններ իրականացնել Մելիտոպոլի, Բերդյանսկի և Բախմուտի ուղղություններում: Նովոդարիվկա-Պրյայտնե և Նովոդանիլիվկա-Ռոբոտինե ուղղություններով գրոհները հաջողությամբ են պսակվել։ Ռուսական օկուպացիոն զորքերը անձնակազմի, սպառազինության և տեխնիկայի զգալի կորուստներ են կրում»։

Ի՞նչու Ուկրաինան չօգտվեց Պրիգոժինի ապստամբության հետևանքով Ռուսաստանում ստեղծված իրավիճակից

Փորձագենտերի մի մասը տարակուսում էր, թե ինչու ուկրաինական կողմը չօգտվեց Պրիգոժինի ապստամբության հետևանքով Ռուսաստանում մի քանի օր տևող քաոսից և չհարվածեց ռուսական տարածքներին։

Եվգենի Պրիգոժինի ապստամբության սկսվելուց հետո արևմտյան դաշնակիցները կապվել են Ուկրաինայի իշխանությունների հետ «տարբեր մակարդակներով» և կոչ արել նրանց չօգտագործել ներկա իրավիճակը Ռուսաստանի ներսում թիրախներին հարվածելու համար, CNN-ին ասել է կառավարության աղբյուրը: Արևմուտքը չէր ցանկանում, որ Ուկրաինան և նրա դաշնակիցները հանդես գան որպես Պրիգոժինին աջակից և սպառնան Ռուսաստանի ինքնիշխանությանը։

Միևնույն ժամանակ, CNN-ի զրուցակիցը հավելել է, թե Կիևին կոչ է արվել օգտագործել Պրիգոժինի ապստամբության պատճառով Ռուսաստանում ստեղծված վիճակը Ուկրաինայի տարածքում առաջ գնալու համար։

Վաշինգտոնը չի միջամտում Ռուսաստանի ներքին գործերին. Սպիտակ տան ներկայացուցիչ

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին երեկ կրկին շեշտել է, որ Վաշինգտոնը չի միջամտում Ռուսաստանի ներքին գործերին. - «Ռեժիմի փոփոխությունը մեր քաղաքականությունը չէ: Մենք դա շատ, շատ հստակ ենք ասում։ Մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ Ուկրաինան կարողանա հաջողության հասնել մարտի դաշտում»:

Միևնույն ժամանակ Քիրբին հայատարել է, թե ԱՄՆ իշխանությունները նշաններ չեն տեսնում, որ Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. - «Բացի աղմկահարույց հռետորաբանությունից, մենք որևէ նշան չենք տեսել, թե Ռուսաստանը որևէ մտադրություն ունի միջուկային զենք կիրառել Ուկրաինայի տարածքում»։

Ընդ որում, նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ հայտարարել էր, թե հնարավոր է համարում Մոսկվայի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառումը։

Երեկ նախագահ Զելենսկին կրկին հորդորել էր դաշնակիցներին հնարավորինս անել օկուպացված Զապորոզժիեի ատոմակայանում միջուկային աղետը կանխելու համար։

Քիրբին սակայն ասում է, թե Վաշինգտոնը «անխուսափելի» չի համարում Զապորոժիեի ատոմակայանի պայթեցման ռուսական ուժերի սպառնալիքը, չնայած ուկրաինացի պաշտոնյաների ահազանգերին: Սպիտակ տակ ներկայացուցչի խոսքով, Վաշինգտոնն ունի ատոմակայանի շուրջ ռադիոակտիվությանը հետևելու հնարավորություն և մինչև օրս ոչ մի նշան չի տեսել։ «Բայց մենք շատ, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին», - հավելել է Քիրբին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG