Մատչելիության հղումներ

Հակահարձակման առաջին շաբաթները ավելի հեռուն գնացող ծրագրի սկիզբն են միայն. Ալեքսեյ Ռեզնիկով


Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկով
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկով

Կիևը հայտարարում է, թե զինված ուժերին հաջողվել է ազատագրել Դոնեցկի մարզի Ռովնոպոլ գյուղը, որը գտնվում է Զապորոզժիեի մարզի սահմանից ոչ հեռու։ Սա հակահարձակումը սկսելուց հետո արդեն իններորդ բնակավայրն է, որը ուկրաինացիներին հաջողվել է վերցնել վերահսկողության տակ։

«Շարժվում ենք առաջ», - գրել է պաշտպանության փոխնապարար Աննա Մալյարը։

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, թե ուկրաինական ստորաբաժանումները վերականգնել են վերահսկողությունը Սևերսկի Դոնեցկ - Դոնբաս ջրանցքի արևմտյան ափին՝ «մաքրելով հակառակորդի հենակետը»։

Տեղեկություններ կան նաև Խերսոնի շրջանի Դնեպրի ձախ ափին գտնվող տարածքում մարտերի մասին։ Ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական Թելեգրամ ալիքները հայտնում են, որ ավերված Անտոնովսկի կամրջի տարածքում ուկրաինացի զինվորականներին հաջողվել է անցնել Դնեպրը և դիրքավորվել Ռուսաստանի կողմից վերահսկվող ձախ ափում։ Ռուսական կողմը չի հաստատել, բայց և չի հերքել ուկրաինական ուժերի առաջխաղաման մասին հաղորդումները:

Այս տարին շրջադարձային է լինելու. Ռեզնիկով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը պնդել է, թե Կիևը շատ ավելի հեռուն գնացող պլաններ ունի, և հակահարձակման առաջին շաբաթները այդ ծրագրի սկիզբն են միայն: Fox News-ին տված հարցազրույցում նա միաժամանակ շեշտել է որ ուկրաինական կողմը չի ցանկանում վտանգել խիզախ մարտիկներին՝ ի տարբերություն ռուսների. - «Ես զգում եմ, որ մենք հաղթելու ենք այս պատերազմում, որովհետև մենք կռվում ենք մեր երկրի համար, մենք այլընտանք չունենք։ Այս տարին շրջադարձային է լինելու»։

Նախօրեին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ասել էր, թե «Վագների» առաջնորդ Պրիգոժինի ապստամբությունը կարող է օգնել ուկրաինացիներին, քանի որ Պուտինի դիրքերն ակնհայտ թուլացել են, ինչը «չի կարող չազդել ռազմական գործողությունների վրա»։

Շոշափելի փոփոխություն ռազմի դաշտում սակայն չի արձանագրվել։ Արևմտյան հեղինակավոր թերթերը շարունակում են գրել, թե Վաշինգտոնում և Բրյուսելում դժգոհ են ուկրաինական առաջխաղացման տեմպերից։ «Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները մասնավոր կերպով մտահոգություն են հայտնել, որ ուկրաինական հարձակման սկզբնական փուլում առաջընթացը շատ դանդաղ է», - գրում է The New York Times-ը՝ հավելեելով, թե ամերիկացի պաշտոնյաները հակահարձակման առաջին երկու շաբաթվա արդյունքներն անվանել են «սթափեցնող»։

Իրավիճակը օկուպացված Զապորոժիեի ատոմակայանում մնում է չափազանց վտանգավոր

Նախագահ Զելենսկին կրկին կոչ է անում միջազգային հանրությանը հնարավոր ամեն բան անել՝ միջուկային աղետ թույլ չտալու համար. - «Զապորոզժիեի ԱԷԿ-ում առկա ռուսական սպառնալիքի նկատմամբ աշխարհի ուշադրությունը դեռ բավարար չէ։ Ես մեր գործընկերների հետ կիսվել եմ մեր հետախուզության ունեցած տեղեկություններով։ Մենք բոլորս, պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկենք ցանկացած ռադիացիոն վթար կանխելու համար»:

Ի դեպ, Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ երեկվա հեռախոսազրույցում ասել է, թե Ռուսաստանի ներսում իրավիճակի ժամանակին դեէսկալացիան կանխեց «Ուկրաինայի համար անուղղելի հումանիտար աղետը»։ Թե կոնկրետ ինչ է նշանակում հումանիտար աղետ և ինչպես կարող էին դրան հանգեցնել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը չի մանրամասնել:

Քննարկվել է «ուկրաինական խաղաղության բանաձևի հետագա իրագործումը»

Ուկրաինայի, G7-ի և «Համաշխարհային հարավի» ներկայացուցիչները շաբաթավերջին հանդիպել են Կոպենհագենում, քննարկել են «ուկրաինական խաղաղության բանաձևի հետագա իրագործումը», ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է ռուսական զորքերի դուրս բերումը Ուկրաինայի տարածքից, այդ թվում Ղրիմից։ Գերմանական ARD հեռուստաալիքն ավելի վաղ հայտարարել էր, որ այս հանդիպմանը Արևմուտքի նպատակն էր գրավել Ուկրաինայի հարցում դեռևս չեզոք դիրք ունեցող BRICS երկրների աջակցությունը։

Ընդ որում, գերմանական մեդիան հայտնում է, որ Կոպենհագենում կայացած այդ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, և որ դրանից հետո հաջորդ ամիս արդեն, կարող են սկսվել խաղաղության բանակցություններ։ Արդյո՞ք դրանց նաև Ռուսաստանի մասնակցությունն է նախատեսվում, դեռ հստակ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG