Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձով բելառուսցիներին կոչ է արել ռուսաստանյան իրադարձություններին չմիջամտել ոչ Կրեմլի, ոչ Եվգենի Պրիգոժինի կողմից, քանի որ այդ ուժերից ոչ մեկը Բելառուսի բարեկամը չէ։
Նա նշել է, որ Ռուսաստանում անհանգիստ իրավիճակը Բելառուսի համար շանս է ձերբազատվելու Մոսկվայի կախվածությունից։
Նա դիմել է բելառուսական բանակին՝ կոչ անելով վռնդել Բելառուսում տեղակայված ռուսական զինվորականներին։
«Եթե մենք չօգտվենք այս շանսից, Ռուսաստանը մեզ հետ կանի այն, ինչ արեց Ուկրաինայի հետ»,- ասել է ընդդիմության տարագիր առաջնորդը։
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինն, իր հերթին, մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն: Այսօր խմբավորումը հայտարարում է Ռոստովում, Վորոնեժում վերահսկողության մասին։
Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանել է խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին։