Մատչելիության հղումներ

Վերին Լարսի անցակետում 11-ի փոխարեն կգործի 39 անցուղի


Վերին Լարսի անցակետ
Վերին Լարսի անցակետ

Ռուսաստանի Վերին Լարսի անցակետում 11-ի փոխարեն գործելու է 39 անցուղի, երեկ կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ հաճույքով ենք արձանագրում, որ երկարատև մեր խոսակցությունը Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ բերել է կոնկրետ արդյունքի», - ասաց Փաշինյանը։

Ըստ կառավարության՝ եթե 2020-2021 թվականների ընթացքում Լարսի ռեկորդը եղել է օրական 300 բեռնատար, ապա այսօր անցկետով կարող է օրական անցնել մոտ 1500 մեքենա։

Անցակետում կան նաև առանձնացված անցուղիներ մարդատար մեքենաների, ինչպես նաև ավտոբուսների համար, հավելեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«11-ից 39 անցուղի հնարավոր չի, որ բացարձակ դրական էֆեկտներ չառաջացնի», - ասաց Գրիգորյանը։

Բեռնափոխադրող ընկերությունները Լարսում այս փոփոխությունն արդեն նկատել են։ «Սպինակեր գրուպ» ընկերության ղեկավար Նորայր Գևորգյանն ասում է՝ Հայաստանից Մոսկվա այժմ բեռները հասնում են մոտ 1 շաբաթում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բեռնատարն, ըստ Գևորգյանի, Մոսկվա էր հասնում մի քանի շաբաթում, երբեմն՝ ավելի քան 1 ամսում։

Լարսի ընդարձակման նորությունն ուրախացրել է գործարարներին, սակայն դեռ խնդիրներ կան․ հաճախ պատահող խաբեությունների պատճառով, երբ, օրինակ, մրգերով բեռնված մեքենաներում ծխախոտի հսկա տուփեր են հայտնաբերվում, ռուսական կողմը մանրակրկիտ ստուգում է Հայաստանից եկող բոլոր բեռնատարները, այս ստուգման պատճառով բեռները Լարսում կարող են մնալ անգամ մինչև 3 օր։

«Դա հերթ է առաջացնում, արհեստական հերթ։ Այսինքն՝ մենք խնդիր ունենք ոչ թե մինչև Լարս գնալը, այլ հենց Լարսում, որովհետև էդ հերթերը, որ կան հիմա, պատճառը ոչ բարեխիղճ մարդիկ են, ովքեր անում են նման բաներ ու դրանով վնասում են նաև բեռնափոխադրողներին ու արտահանողներին, որովհետև այստեղ տուժում է համ էլ արտահանողը, որովհետև իրա բեռը զննում են», - ասաց Գևորգյանը։

Ռուսական մաքսակետը հաղթահարելուց հետո Վրաստանով տարանցումը սովորաբար ավելի արագ է լինում, իսկ Հայաստանում խցանումներ են առաջանում Բագրատաշենի մաքսակետում։

Հայաստան-Վրաստան սահմանը սպասարկող հայկական 3 մաքսակետերից Բագրատաշենն ամենածանրաբեռնվածն է, քանի որ դրանով սահմանը հատելիս Լարս հասնելու համար ճանապարհն ամենակարճն է։

«Շատ դանդաղ են ձևակերպում, որովհետև զննվում են մեքենաները՝ ռենտգենով, իսկ էդ ռենտգեն սարքավորումը մի հատ է, ինքը հնարավորություն չունի էդ քանակը շատ կարճ ժամանակում [սպասարկելու], հետևաբար էդ հերթը գոյանում է», - ասաց ընկերության ղեկավարը։

Բագրատաշենում աշխատանքներն արագացնելուն ուղղված ինչ քայլեր են ծրագրվում, դեռ հայտնի չէ, սակայն կառավարության նիստին հայտնեցին, որ վրացական կողմը ևս մինչև 2024 թվական ծրագրում է ավելացնել անցուղիների թիվը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG