Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց, օգտվել միայն օդային ուղիներից


ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան, հայտարարում է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վերջին օրերին ՀՀ ԱԳՆ-ն, Վրաստանում և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմիցս հայտնել են, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, շարունակվում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Միաժամանակ հայտարարվել է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով և նաև օդային ու ծովային ճանապարհներով)։ Տեղեկացնում ենք, որ բեռնատարների կուտակումներ կան ինչպես հայ-վրացական (Բագրատաշեն-Սադախլո) ու ռուս-վրացական (Վերին Լարս-Կազբեգի) սահմաններին հարող տարածքներում, այնպես էլ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի տարբեր հատվածներում», - ասված է խոսնակի մեկնաբանությունում, որը տարածել է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Նաղդալյանը վստահեցնում է, որ Ռուսաստան մեկնող, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան ուղևորվող բեռնատարների սահմանահատումը Վերին Լարս, ինչպես նաև հայ-վրացական սահմանով այս պահին կանգնեցվել է միայն առատ ձյան պատճառով. - «Ճանապարհի բացվելուն պես, բեռնատարները հնարավորություն կունենան հատել հայ-վրացական, ինչպես նաև ռուս-վրացական սահմանը»։

«Չնայած մեր հորդորներին՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ներկայումս կան ռուս-վրացական սահմանը հատել ցանկացող ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով ճանապարհը չի բացվելու նախքան Վրաստանի կառավարության՝ Վրաստան օտարերկրացիների մուտքն արգելող որոշման ուժի մեջ մտնելը /18․03․2020 ժամը 00։00-ից/, հորդորում ենք մեր քաղաքացիներին վերադառնալ մեկնելու վայր և հնարավորինս սեղմ ժամկետներում օգտվել Հայաստան գալու օդային ուղիներից, մասնավորապես մոտակա Մին Վոդի, Կրասնոդար,Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից», - հայտարարում է ԱԳՆ խոսնակը՝ ևս մեկ անգամ հորդորելով ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց և օգտվել բացառապես օդային ուղիներից:

«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին սթափ գնահատել իրադրությունը», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG