Լարսում այսօր հայկական հարյուրավոր բեռնատարներ գուցե խցանումների մեջ չլինեին ու արտահանողներն էլ վնասներ չկրեին, եթե դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհն արդեն գործեր, համոզված են կառավարության խոստմանն ամիսներով սպասող բեռնափոխադրողներն ու արտահանողները։
Վրաստանի Փոթի նավահանգստով Հայաստանից Ռուսաստան լաստանավային բեռնափոխադրումների խոստումը կառավարությունը գարնանն էր տվել ու նույնիսկ ժամկետ նշել` հունիսին ծրագիրը կգործարկվի, գործադիրն էլ կսուբսիդավորի ծախսերը։
«Հիմա վերջնական աշխատանքներն ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը: Կարծում ենք՝ դա օրերի հարց է», - ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Սև ծովում հայկական բեռներ դեռ չկան, իսկ էկոնոմիկայի նախարարն արդեն պակաս ոգևորությամբ է խոսում ծրագրից. - «Այո, մենք ի սկզբանե գիտեինք, որ այս նախագիծը ռիսկային է և նաև այդ պատճառով է, որ երկար ժամանակ որևիցե մեկը չի ստանձնել կամ հանձն չի առել այդ խնդիրը լուծել: Հիմա մենք սկսել ենք»:
Հայկական բեռներով բարձված մեծաթիվ բեռնատարներ այս պահին գտնվում են Վրաստանում՝ Վերին Լարսի անցակետում։ Հայաստանի իշխանությունները բացատրում են, որ կուտակումների պատճառն այս անգամ Ղրիմի կամրջի պայթյունից հետո սահմանին ռուսական կողմի խստացված հսկողությունն է։ Ղրիմում պայթած բեռնատարը նաև Լարսի անցակետով էր անցել։
Վերին Լարսը Հայաստանն իր գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Այս նեղլիկ ճանապարհին մեծ հերթերի մասին հաղորդումները պարբերաբար են։ Ամռանն, օրինակ, Թերեք գետն էր վարարել՝ փակվել էր։ Գարնանն ու ձմռանն էլ հաճախ եղանակն է խանգարում։
Ինչո՞ւ ի վերջո չկա Լարսի այլընտրանքը, հստակ բացատրություններ չկան. Կառավարությունն այս ծրագրի 5 ամսով ուշացման հիմնական պատճառը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն է համարում։ Այդ մասին նաև վարչապետն էր խոսել:
«Մենք ամեն օր ենք սպասում և ամեն օր ենք ուզում դա անել, մենք ընդհանրապես նախատեսում էինք, որ հունիսի կեսից պետք է դա գործարկվի, բայց այդտեղ էլ խնդիրները էլի ընդհանուր իրավիճակի, պատժամիջոցային գործողությունների հետ են կապված», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վրացական Փոթի նավահանգիստը շահագործում է հոլանդական APM Terminals ընկերությունը: Հայաստանի իշխանություններն ասում են՝ այս ընկերությունը հետևում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին և առայժմ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվություններ ստանալ չի հաջողվում, բանակցում են: APM Terminals-ի խոսնակն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ խստորեն հետևում են պատժամիջոցներին, բայց Հայաստանի կառավարության հետ բանակցություններից մանրամասներ չհայտնեց։ APM Terminals-ին նաև գրավոր հարցմամբ ենք դիմել՝ պարզելու, թե ի՞նչ խոչընդոտներ կան։
Մինչ այս հարցի լուծումն առկախված է, բեռնափոխադրողներ Ռուսաստանի հետ այլընտրանքային կապ ունենալը հրատապ է են համարում։ Տարբեր ուղղություններով միջազգային փոխադրումներ իրականացնող ընկերության սեփականատեր Վրեժ Գրիգորյանը պատմում է՝ այժմ իրենց հետ աշխատող 20 մեքենա հերթի մեջ է։ Տնտեսվարողները լուրջ վնասներ են կրում, հատկապես խնդիր է արագ փչացող ապրանքների տեղափոխումը:
«Շուտ փչացող ապրանքը տեղափոխել չենք կարողանում, բեռնատարներն էլ են հերթի մեջ, նոր փոխադրումներ չի լինում անել, դրա պատճառով փոխադրումների գներն էլ են բարձրացել», - ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանն ընդգծում է՝ խնդիրը լուծելու համար իշխանությունները պետք է օգտագործեն բոլոր ռեսուրսները.- «Այսպիսի ֆորս մաժորներ էլ են լինում, սա պետք է հաշվի առնել, անել հնարավորը, որպեսզի այսպիսի իրավիճակներ չլինեն, այլապես և՛ բիզնեսն է տուժում, և՛ սովորական սպառողը»:
Մինչդեռ ամիսներ շարունակ լաստանավային փոխադրումներ խոստացող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը արդեն չի բացառում, որ ծրագիրը գուցե և չստացվի. - «Եթե չստացվի, մենք կընդունենք մեր ձախողումը, խնդիրները շատ են ու ցանկան էլ ինձնից լավ գիտեք, եկեք սպասենք, մինչև լաստանավն աշխատի»:
Քերոբյանն ամիսներ առաջ հայտարարել էր՝ եթե ի վերջո համաձայնության գալ չկարողանան, վրացական մեկ այլ խոշոր՝ Բաթումիի նավահանգիստը կօգտագործեն։ Բաթումին, սակայն, ավելի հեռու է ու պակաս հարմարավետ և ինչպես Փոթիի, այնպես էլ այս դեպքում որևէ հստակություն չկա։