Մեկ եղանակային վատ պայմանների, մեկ խստացված ստուգումների, հաճախ էլ պատահարների պատճառով պարբերաբար խցանվող Վերին Լարսին խոստացված այլընտրանքը, ըստ կառավարության, կյանքի է կոչվում։ Գործադիրը հայտարարում է՝ բեռնափոխադրողները ապրանքները Ռուսաստան և այնտեղից Հայաստան կկարողանան տեղափոխել նաև ծովային ճանապարհով։ Այսօր ընդունած որոշմամբ ծախսը կփոխհատուցվի։
Ընկերություններն իրենց ապրանքները նավով Ռուսաստան հասցնելու համար չեն վճարելու, պետությունը յուրաքանչյուր փոխադրման համար օպերատոր ընկերությանը 120 միլիոն դրամ կվճարի՝ անկախ հանգամանքից, թե ինչ քանակի ու քանի ընկերության բեռ է տեղափոխվում։
Երթուղին այսպիսին է՝ ռուսական Նովոռոսիյսկից վրացական Բաթումի, հետո կրկին Նովոռոսիյկ, մյուս հնարավոր ուղին վրացական մեկ այլ՝ Փոթի նավահանգստից է։ Բաթումիով արդեն երկու փորձնական փոխադրում է իրականացվել։ Ըստ կառավարության՝ առաջիկայում նավը ծով դուրս կգա շաբաթական առնվազն մեկ անգամ։
«Միջոցառման նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնելը, լոգիստիկ խոչընդոտների և լրացուցիչ ծախսերի նվազեցումը»,- ասված է կառավարության որոշման մեջ։
Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ ծովային կապ ունենալու որոշումները դեռ անցած տարի էին ընդունվել։ Ի սկզբանե հայտարարվում էր Փոթիի նավահանգիստն օգտագործելու մասին։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնիսկ գործարկման ժամկետ էր նշել, սակայն ամբողջ 2022-ի ընթացքում հայկական բեռներն այդպես էլ ծով դուրս չեկան։
Գործադիրից ուշացումը բացատրեցին Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներով, այդ մասին նաև վարչապետն էր խոսում. - «Մենք ամեն օր ենք սպասում և ամեն օր ենք ուզում դա անել, մենք ընդհանրապես նախատեսում էինք, որ հունիսի կեսից պետք է դա գործարկվի, բայց այդտեղ էլ խնդիրները էլի ընդհանուր իրավիճակի, պատժամիջոցային գործողությունների հետ են կապված»։
Ինչպես պարզվեց, իշխանությունները չէին կարողանում համաձայնության գալ Փոթիի նավահանգիստը շահագործող հոլանդական ընկերության հետ, ասում էին՝ այդ ընկերությունը հետևում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, և դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելու անհրաժեշտ թույլտվություններ ստանալ չէր հաջողվում։
Նախարար Քերոբյանն անցած տարի հայտարարել էր, որ եթե այդպես էլ համաձայնության չգան, վրացական մեկ այլ խոշոր՝ Բաթումիի նավահանգիստը կօգտագործեն։ Ըստ էության, այժմ հենց այս տարբերակն են գործարկում։
Ծովային փոխադրման ծախսերը փոխհատուցելու որոշումը ամռան երեք ամիսներին է վերաբերում։ Առաջիկա գրեթե 15 շաբաթների ընթացքում, ըստ էության, անկախ փոխադրված բեռների ծավալից գործադիրը օպերատոր ճանաչված C&M International-ին ավելի քան 4 միլիոն դոլար կփոխանցի։ Ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանը, սակայն, հույս ունի, որ ավելի երկարատև կաշխատեն։
«Հաջորդ շաբաթ արդեն կսկենք շաբաթը մեկ անգամ։ Մեզ դիմում են կամ ինչ-որ տրանսպորտային ընկերությունների դիմում են տերերը, ով պետք է բեռ տեղափոխի, և տեղափոխումը կատարվում է, իսկ ծովային մասը պետությունը սուբսիդավորում է», - ասում է Դավիթ Իլոյանը, - «Կառավարությունն ընդունել է դեռ երեք ամսով, երկարացնելու հնարավորությունով։ Ինչպես ես հասկանում եմ, եթե պահանջարկը կլինի, կերկարացնեն»։
Փորձնական փոխադրումներ իրականացնելու մասին հայտարարությունից հետո Իլոյանի խոսքով՝ այս երթուղու հանդեպ հետաքրքրությունը շատ է մեծ է, իրենց օրական տասնյակ ընկերություններ են դիմում. - «Հիմա հաշվարկներ ենք անում, առաջարկներ ենք անում։ Շատերը փորձում են մեկ-երկու-երեք կոնտեյներ փորձնական ուղարկել՝ հասկանալու՝ ոնց կանցնի, նոր արդեն տրամադրել մնացած բեռները։ Դրա համար ինձ թվում է, որ արդեն մոտակա ժամանակ կլինի լիքը բեռնված, պրոբլեմ չի լինի»։
Նավով հնարավոր կլինի տեղափոխել գրեթե ամեն ինչ, բացի վտանգավոր նյութերից, օրինակ՝ վառելիքից։
«Բայց նույն վտանգավորներից օրինակ՝ կոնյակի սպիրտը մենք կարող ենք տեղափոխել», - նկատեց նա։
Հարևան Վրաստանից բեռնափոխադրումների մասին Հայաստանից հնչող հայտարարություններից հետո պնդեցին, թե Բաթումի-Նովոռոսիյսկ ծովային բեռնափոխադրումները կանոնավոր չեն, Վրաստանի խորհրդանի խոսնակն այդ լուրերը նույնիսկ ֆեյք որակեց։ Հայկական կողմից արձագանքեցին՝ հակասություն չեն տեսնում, քանի որ դեռ երկու փոխադրում է իրականացվել։