Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մաքսային կցորդ կունենա, որը կաշխատի Վերին Լարսի անցակետի տարածքում


Կառավարության որոշմամբ՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մաքսային կցորդ կունենա, որն աշխատելու է Վերին Լարսի անցակետի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Կառավարությունը որոշում է ընդունել Արամ Թանանյանին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով նշանակելու վերաբերյալ:

Նիստի ընթացքում վարչապետը նշել է, որ մաքսային կցորդը պետք է աշխատի Վերին Լարսի անցակետի մոտակայքում: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արամ Թանանյանին և մաղթել հաջողություն:

Կառավարության նիստում քննարկման առարկա է դարձել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի կողմից զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքներից «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, տրամադրել համապատասխանաբար 1036 քառ. մետր և 565.3 քառ. մետր մակերեսով հողամասեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է հրաժարվել առանց մրցութային ընթացակարգի որևէ ընկերությանը հողամասերի տրամադրման պրակտիկայից և առկա հնարավորությունների մասին տեղեկացնել բոլոր կազմակերպություններին, սահմանել աճուրդային խիստ պայմաններ և մրցույթի վերահսկողության հստակ մեխանիզմներ:

«Ընդհանրապես եկեք այս պրակտիկան, որ կառավարությունը որոշեց այս կամ այն հողն առանց մրցույթի տալ այսինչ ընկերությանը, վերացնենք մեր իրականությունից, որովհետև եթե կա ինչ-որ հողակտոր, որ մենք պատրաստ ենք ինչ-որ մեկին տրամադրել, ուրեմն մենք պատրաստ ենք այն տրամադրել ցանկացած մեկին, ով առավելագույնս լավ պայմաններ կառաջարկի», - նկատել է կառավարության ղեկավարը: Վարչապետի առաջարկով՝ որոշման նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից: Փաշինյանը հանձնարարել է պատրաստել կառավարության որոշման նոր նախագիծ՝ ելնելով վերոնշյալ տրամաբանությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG