Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), հաշվի առնելով ամռանը գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: «Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում», - ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Մասնավորապես, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում սեզոնայնությամբ պայմանավորված՝ օգտվել հայ-վրացական սահմանային մյուս անցումային կետերից: Իսկ Բագրատաշենի անցակետի թողունակությունը դյուրացնելու նպատակով, Թուրքիայից ժամանող ավտոբուսները կուղեկցվեն մաքսակետից դուրս գտնվող մաքսային հսկողության այլ տարածք, որտեղ էլ կիրականացվեն մաքսային գործառնությունները, ասված է հաղորդագրությունում: