Հայաստանի ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ, քննարկել Վերին Լարսում ստեղծված իրավիճակը՝ կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:
Օրերս կայացած հանդիպմանը կողմերն անդրադարձել են Լարս անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին, ըստ ՊԵԿ հաղորդագրության, տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի և ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ։
Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը հաճախ խնդիրներ է ստեղծում վարորդների համար, անցակետում օրերով խցանումներ են։ Նախկինում թե խնդրի հիմնական պատճառները եղանակային պայմաններն էին ու նեղ ճանապարը, դրան գումարվեց նաև ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքի օրերին երկրից արտագաղթը, երբ շատ ռուսաստանցիներ փորձում էին Վրաստանով դուրս գալ երկրից։ Ղրիմի կամրջի պայթյունից հետո իրավիճակն ավելի բարդացավ, երբ ռուսական կողմը խստացրեց անցակետում հսկողությունը։
Կառավարությունից ասել էին, որ Փաշինյանն անգամ նամակով է դիմել Ռուսաստանի վարչապետին, փորձում են լուծումներ գտնել։
Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է ու արտահանման գլխավոր շուկան. 2022-ի առաջին կեսին հայ-ռուսական փոխադարձ առևտուրը կազմել է Հայաստանի արտաքին ողջ առևտրի գրեթե ⅓-ը։ Հայաստանից Ռուսաստան և հակառակը բեռներն անցնում են Լարսի անցակետով։
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը դեռ ապրիլին ասել էր, որ կառավարությունը որպես Լարսին այլընտրանք լաստանավով բեռնափոխադրումների մի ծրագիր է հաստատել։ Որպես ժամկետ նշվում էր հունիսի 15-ը։
Հայաստանը Վրաստանի Փոթի նավահանգստից պետք է գործարկեր լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը դեպի Ռուսաստանի Կավկազ նավահանգիստ, սակայն նոր բարդություններ առաջացան ուկրաինական պատերազմի պատճառով: