Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ, որտեղ հնարավոր է քննարկի Ռուսաստանից զենք ստանալու հարցը


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր աշխատանքային այցով մեկնում է Բելառուս։ Արմեն Գրիգորյանը մասնակցելու է ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստին, տեղեկանում ենք Կառավարությունից։

Հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց չեզոքացման միջոցառումները, հայտնում են ռազմական դաշինքից։

Օրերս Հանրայինի հետ զրույցում հենց ինքը՝ Գրիգորյանն էր հայտնել, որ այս շաբաթ մեկնելու է Մինսկ։

ՀԱՊԿ-ի հետ շարունակվող լարվածության ֆոնին պաշտոնական Երևանը մայիսի 25-ին հրաժարվել էր մասնակցել ռազմական դաշինքի պաշտպանության նախարարների խորհրդի հավաքին։ Հայաստանի պաշտպանության նախարարարությունը չէր հստակեցրել՝ որն է պատճառը։

Սուրեն Պապիկյանի բացակայությունն աննկատ չէր անցել։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդգծել էր, թե կարևոր են համարում Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին։

Պապիկյան-Շոյգու հանդիպում, 25-ը փետրվարի, 2022թ․
Պապիկյան-Շոյգու հանդիպում, 25-ը փետրվարի, 2022թ․

«Հայաստանը մեր կազմակերպության անդամ է, մեր դաշնակիցը։ Մենք հետաքրքրված ենք խաղաղության հաստատմամբ և հնարավորն անում ենք՝ Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։ Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել ՀԱՊԿ-ի շրջանակում օպերատիվ ու մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորությունը», - ասել էր Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարը։

Թե ինչու այս անգամ Երևանը որոշեց մասնակցել ռազմական կառույցի հերթական նիստին, փակագծերը չեն բացվում։

Ինքը՝ Արմեն Գրիգորյանը Հանրային հետ զրույցում չէր բացառել, որ Մինսկում հնարավոր է ռուս գործընկերոջ հետ քննարկի նաև Երևանի պատվիրած միլիոնավոր դոլարների զենքի ճակատագիրը։

«Եթե տեղի ունենա, մենք կքննարկենք երկկողմ հարաբերությունների հարցեր։ Հաշվի առնելով այն իրականությունը, որ գոյություն ունի, այսինքն՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ, Ռուսաստանի կարողությունները սպասարկելու իր այդ պատերազմը և նաև հաշվի առնելով, որ կարողությունն այնքան էլ մեծ չի որպեսզի արտահանում էլ տեղի ունենա, մենք գնացել ենք նաև այլ ռեսուրսներ որոնելու ճանապարհով»,- ասել էր Գրիգորյանը։

Հայաստանի իշխանությունները դեռ չեն հստակեցնում՝ արդյոք Հայաստանը կմասնակցի Ղրղըզստանում սպասվող ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժություններին։ Այս զորավարժությունները Հայաստանում պետք է կայանային, սակայն Երևանն այն չեղարկեց։

Ավելի ուշ Հայաստանի վարչապետը պարզաբանել էր, որ ՀԱՊԿ-ից դեռ կոնկրետ գնահատականների են սպասում՝ հասկանալու, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին։ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայաստանը հրաժարվել էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։

Արմեն Գրիգորյանը վերջերս ասել էր, որ Երևանը քննարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը կիրակի հրապարակված հարցազրույցի ընթացքում էլ, դարձյալ քննադատելով կառույցին, խոսել էր ՀԱՊԿ-ի անարդյունավետությունց։

«Դժվար կլինի նպաստելու որևէ օրինակ գտնել 2020 թվականից սկսած, որովհետև գիտեք, որ 2020 թվականից սկսած երեք լայնածավալ հարձակում է տեղի ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ և այդ երեք հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն Հայաստանի Հանրապետությանը ցույց չի տվել», - ասաց անվտանգության խորհրդի քարտուղարը։

Մայիսի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետն էլ հայտարարել էր ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը դեռ օրակարգից դուրս չի եկել։ Պաշտոնական Մոսկվայից էլ արձագանքը չէր ուշացել։ Եթե առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը հանելու գաղափարն, ապա հարկ է գիտակցել դրանից բխող սպառնալիքը, այս մասին հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG