Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը կրկնում է՝ պատրաստ է առաքելություն ուղարկել հայ - ադրբեջանական սահման


ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ
ՀԱՊԿ և անդամ պետությունների դրոշները, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտապես պատրաստակամ է առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ - ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից և այլ տեսակի օգնության ցուցաբերելու», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ պաշտոնյան՝ չհստակեցնելով, թե ինչ տեսակի օգնության մասին է խոսքը։

Շուվալովը միայն նշել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են կառույցի Հավաքական անվտանգության խորհրդի՝ ընթացքի մեջ գտնվող որոշման նախագծում:

Հայաստանը բազմիցս է հայտարարել դաշինքից իր դժգոհությունների մասին․ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։
Ամիսներ շարունակ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող դժգոհություններից հետո Հայաստանը մարտի սկզբին հայտարարեց, որ հրաժարվում է ռազմաքաղաքական դաշինքում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ Երևանը հաճույքով կստանձի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե դրանով նշանակի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը ևս մի գործոն ավելացնել։ «Եթե դա դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում», - ասաց Փաշինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից և «դա մեզ անհանգստացնում է»։

XS
SM
MD
LG