Մատչելիության հղումներ

Հայաստանում ժողովրդավարության սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա. Փաշինյան


Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, Ժողովրդավարության հայկական ֆորումում այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ առանց հստակեցնելու սակայն, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը և կոնկրետ որ երկների կողմից են այդ վտանգները։ Ասաց միայն, թե դրանք հանրահայտ են ու բոլորին տեսանելի:

Ըստ Փաշինյանի, ժողովդրավարությունը Հայաստանում անշրջելի է։ Վարչապետի համար դա Հայաստանի հիմնական ու առանցքային բրենդն է. - «Կարևոր է նաև, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել ապացուցել և պատասխանել թերևս այսօր Հայաստանում ամենախիտ ու ամենաթանձր հարցին, որը առկա է հանրության շրջանում։ Իսկ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ժողովրդավարությունն ի վիճակի է նաև ապահովել անվտանգություն։ Սա իսկապես հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել։ Եվ ես հույս ունեմ, ինչ-որ տեղ համոզված եմ նաև, որ մենք ի վիճակի կլինենք այս հարցին դրական պատասխան տալ»։

Ֆորումի պանելային քննարկման ժամանակ քաղաքագետ Արեգ Քոչինյանի հարցին, թե ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու փաստացի ավտորիտար երկրների ճամբարում հայտնվելը վտանգ չի՞ համարում հայաստանյան ժողովրդավարության համար, Փաշինյանը ուղիղ պատասխան չտվեց, սակայն կրկին շեշտեց ռազմական կառույցի անգործության հանգամանքը։

Ըստ վարչապետի, հայաստանյան ժողովրդավարության համար մարտահրավեր է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Փաշինյանի ներկայացմամբ, այդ հակամարտությունում Երևանի չեզոք դիրքավորումը հիմա ավելի ու ավելի դժվար է դարձել։ Փաշինյանն իր խոսքում խուսափեց «պատերազմ» ու «ներխուժում» բառերից՝ օգտագործելով ավելի չեզոք տարբերակ. - «Երբ որ Ուկրաինայի իրադարձությունները սկսվել էին, Հայաստանը փորձում էր այսպես ասաց բալանսավորված որոշակի դիրքորոշումներ ունենալ իր քվեարկություններով և այլն։ Եվ այդ պայմաններում կար մի իրավիճակ, երբ որ դա որոշակի գոհունակություն էր ձևավորում ըստ էության բոլոր գործընկերների մոտ։ Բայց իհարկե, ես նաև հրապարակային ասել եմ, ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում Հայաստանի մանյովրի, և բոլորի մանյովրի դաշտը նեղանում է»։

Թե ինչի մասին է խոսքը, ինչու մանևրելու տեղ չի ունենում Երևանը, և արդյոք առաջիկայում ստիպված է լինելու չեզոքությունը մի կողմ դնել, Փաշինյանը չմանրամասնեց:

Արդյո՞ք հարցի հեղինակին՝ Արեգ Քոչինյանին բավարարեց Փաշինյանի պատասխանը, արդյո՞ք նա հասկացավ՝ ինչ էր ակնարկում Հայաստանի վարչապետը, «Ազատությունը» փորձեց ճշտել հենց քաղաքագետից, սակայն Քոչինյանը հրաժարվեց մեկնաբանությունից։

«Ժողովրդավարությունը ոչ միայն անկում է ապրում, այլև ենթարկվում է հարձակումների, և Հայաստանի օրինակը այստեղ եզակի չէ։ Ավտորիտար երկրների կողմից հարձակումները հարևան ժողովրդավարությունների վրա տեղի են ունենում Ուկրաինայում, Մոլդովայում, մեր հարևան Վրաստանում», - ասաց պանելային քննարկումը վարող Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։

Ռուսաստանին ուղղված այս քննադատական ձևակերպումից հետո Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը քննարկման ընթացքում հնչած որոշ ձևակերպումների հետ կարող է անհամաձայնություն ունենալ. - «Քանի որ մենք մեր հարևանների հետ հարաբերությունները շատ կարևորում ենք, շատ կարևոր է, որ քննարկումներում, առավել ևս Հանրապետության նախագահի, իմ և կառավարության, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների մասնակցությամբ այս նրբությունը կարևոր էր ընդգծել»։

Ժողովրդավարության հայկական ֆորումը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է անցակցվում։ Կազմակերպիչներն են Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ու Իրազեկ քաղաքացիների միավորումը։ Ֆորումի նպատական է քննարկել ժողվոդրավարական բարեփոխումների ընթացքն ու մարտահրավերները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG