Մատչելիության հղումներ

Հայ - ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից. ՌԴ ԱԳՆ


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Հայ - ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, երեկ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ նման քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, Մոսկվան և նրա դաշնակիցները պատրաստ են դրան։

«Նման որոշումները համաձայնեցվում և հաստատվում են ՀԱՊԿ-ում, ամենաբարձր մակարդակով հաստատված՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ: Ինչ վերաբերում է ժամկետներին, ինձ թվում է՝ այստեղ էլ ամեն ինչ պարզ է, ամեն ինչ կախված է հայ գործընկերներից: Երբ նրանք պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ բովանդակային աշխատանքին՝ համախմբելու կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակները, ուստի գնդակը Երևանի կողմն է», - ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանին գոհացնում է ՀԱՊԿ ներկայացուցիչներին ընդունելու՝ Երևանի շարունակական հետաքրքրությունը։

Հայաստանը բազմիցս է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից իր դժգոհությունների մասին․ Երևանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։
Ամիսներ շարունակ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող դժգոհություններից հետո Հայաստանը մարտի սկզբին հայտարարեց, որ հրաժարվում է ռազմաքաղաքական դաշինքում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ Երևանը հաճույքով կստանձի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե դրանով նշանակի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը ևս մի գործոն ավելացնել։ «Եթե դա դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում», - ասաց Փաշինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից և «դա մեզ անհանգստացնում է»։

XS
SM
MD
LG