«Մենք կգանք։ Սա կարող եմ միայն ասել՝ ելնելով իմ ունեցած տեղեկատվությունից», - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր կարճ արձագանցեք ՀԱՊԿ դիտորդական առաքելության մասին «Ազատության» հարցին։
Մի քանի օր առաջ պաշտոնական Մոսկվան նորից հայտնել էր՝ հայ - ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, գնդակը Երևանի դաշտում է։ Արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցել էին՝ աշխատանքները շարունակվում են ու հղում էին արել իր ռուս գործընկերոջ հետ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Երևանը չի հրաժարվել առաքելությունից։
Այդուհանդերձ, մինչև այս պահը չկա հստակություն՝ ե՞րբ, ի՞նչ կազմով, որտե՞ղ է տեղակայվելու դիտորդական առաքելությունը, ի՞նչ լիազորություններ է ունենալու և անվտանգության ի՞նչ երաշխիքներ է ստանձնելու։
Մինչև ՀԱՊԿ առաքելության տեղակայումը քննարկելը Երևանը պահանջել էր, որ Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքը դատապարտի անցած սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչն այդպես էլ չկատարվեց։ Այս լարվածությունից հետո Հայաստանը նաև չեղարկեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները, հետո էլ հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։
«Միայն կարող եմ ասել, որ, իրոք, ամենաբարձր մակարդակով հաստատվել և հաստատվում է, որ հայկական կողմի պատրաստ լինելու դեպքում ՀԱՊԿ-ի առաքելությունը կգա։ Հիմա այս հարցերը, ինչպես և ասաց Հայաստանի արտգործնախարարը, քննարկվում են, աշխատանքային փուլում են, և կարծում եմ դրա արդյունքում մենք կիմանանք՝ ինչ որոշման եկանք», - նշեց դեսպան Կոպիրկինը։
Չորս ամիս է ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Ադրբեջանը վերջերս կրկին առաջ եկավ Հայաստանի ինքնիշխան տարածքում, և այս ամենի ֆոնին օրերս Հայաստան էր ժամանել և վարչապետ Փաշինյանի հետ հանդիպել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հանդիպման մասին տեղեկատվությունը սուղ էր և պաշտոնական հաղորդագրություններից այդպես էլ պարզ չդարձավ՝ անվտանգային ի՞նչ հարցեր են քննարկվել, արդյո՞ք որևէ առաջընթաց կա հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում։
«Դե, ես վարչապետի խոսնակը չեմ, բայց ինչքան գիտեմ վստահելի, կոնստրուկտիվ միջավայրում քննարկվել է տարածաշրջանին առնչվող խնդիրների և դրանց կարգավորման ամբողջ կոմպլեքսը։ Կոնկրետ, հստակ հարցերի մասին խոսել չեմ կարող», - ասաց Կոպիրկինը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այսօր մասնակցում էր 19-րդ դարում Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակի միջոցառմանը, որի ընթացքում անդրադարձ եղավ հայ-ռուսական պատմական հարաբերություններին։ Դեսպանից հետաքրքրեցինք՝ արդյո՞ք այդ դարավոր բարեկամությունը ճաքեր չի տալիս, երբ Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանի գործողություններին և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանի տարածքում պատշաճ չի արձագանքում։
«Մեր միջև կարող է լինել կարծիքների, գնահատականների տարբերություն, դա նորմալ է; Մեր հարաբերությունների ծավալն այնպիսին է, որ կարող են ծագել պրակտիկ հարցեր, որտեղ կողմերն ունեն հակադիր դիրքորոշումներ, բայց ընդհանուր առմամբ, ես վստահ եմ, այն, ինչ մեզ միավորում է, կա ու կամրապնդվի։ Մեր հարաբերությունները կան, եղել են ու կլինեն դաշնակցային»։
Վերջերս ռուսական կողմը կոշտ էր արձագանքել Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանին միանալու Երևանի մտադրությանը։ Մոսկվան անանուն զգուշացրել էր «չափազանց բացասական» հետևանքների մասին։ Հետո Հայաստանի ԱԺ խոսնակն ասել էր, թե Երևանը դատարանի կանոնադրությունը արագ վավերացնելու անհրաժեշտություն չունի, և Հայաստանը «չպետք է պիոներ լինի այս հարցում»։
Բավարարե՞լ է արդյոք ռուսական կողմին պաշտոնական Երևանի պատասխանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ հարցը հայկական կողմի հետ կքննարկեն դաշնակցային հարաբերությունների տիրույթում։