Վարչապետի որդուն առևանգելու համար մեղադրվող 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գայանե Հակոբյանի գործը նախաքննական մարմինն ավարտել ու դատարան է ուղարկել։
Կնոջ փաստաբան Հովսեփ Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ, գործը քննող դատավորը՝ նույնպես։
«Դեռ մակագրված չէ», - ասաց փաստաբանը։
Երկու շաբաթ առաջ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով քրեական գործ էր հարուցվել՝ մարդուն առևանգելու հոդվածով։ Կրտսեր Փաշինյանը, քննչականի փոխանցմամբ, պատմել էր, թե որդեկորույս մայր ներկայացած կինն իրեն հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, երբ ինքը նստել է, կինն անսպասելի սկսել է ավտոմեքենան անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցնել։ Դրանից հետո Աշոտ Փաշինյանը մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։
Հակոբյանի աջակիցները՝ մի քանի այլ որդեկորույս ծնողներ, կառավարության շենքի առջև չորս օր նստացույց անցկացրեցին՝ պնդելով՝ առևանգում չի եղել։
Գայանե Հակոբյանի փաստաբանը «Ազատությանը» հայտնեց՝ իր պաշտպանյալը ևս շարունակում է պնդել, որ տեղի ունեցածը որևէ կերպ հնարավոր չէ առևանգում որակել։
«Դա պայմանավորված է Աշոտ Փաշինյանի անձով, եթե Աշոտ Փաշինյանի անձը չլիներ կալանքը չէր ընտրվի որպես խափանման միջոց, ավելին՝ նույնիսկ քրեական գործ չէր հարուցվի, ինչի մասին է խոսքը։ Դուք կարծում եք, որ, եթե մեկին ասում են՝ «արի գնանք «Եռաբլուր», դա քրեորեն հետապնդելի՞ է», - ասաց Սարգսյանը։
Անցած շաբաթ, մամուլի ասուլիսի ժամանակ, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ չի հորդորելու որդուն հետ վերցնել բողոքը։
«Ո՞նց եք պատկերացնում, այսինքն ինչ, էլի ուզում եք տեղափոխեք հարցերը տղայական կամ մերձ տղայական հարթությո՞ւն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաստաբան Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել վարչապետի խոսքերը, իր հերթին ընդգծելով՝ բացառում են հաշտեցման տարբերակը։
«Հաշտություն մի պարագայում, եթե անձն ընդունում է, որ ինքն այդ արարքը կատարել է՝ հանցագործություն է կատարել, ներում է խնդրում, մյուս կողմն էլ հաշտվում է, կամ չի հաշտվում։ Ոչ մի հանցավոր արարք չի կատարել, որ ինչ-որ մեկին խնդրի կամ չխնդրի, որպեսզի հաշտության գան», - ասաց փաստաբանը։
Մեղադրանքը հաստատվելու դեպքում Գայանե Հակոբյանին 4-ից 8 տարվա ազատազրկում է սպառնում։