«Եռաբլուր չենք գնա, քանի դեռ չեն ազատել Գայանեին», - արդեն 3 օր կառավարության շենքի դիմաց նստացույց անող որդեկորույս ծնողները պահանջում են ազատ արձակել վարչապետի որդու առևանգման համար մեղադրվող, 44-օրյա պատերազմի ժամանակ որդուն՝ Ժորային կորցրած Գայանե Հակոբյանին։ Բախտակից ծնողները վճռական էին՝ քանի դեռ կինը բանտում է շարունակելու են գիշերել Փաշինյանի աշխատավայրի դիմաց։
«Որդեկորույս ծնողները երդվել են, որ չեն գնալու իրենց տղաների շիրիմներին, քանի Գայանեն չի վերադարձել մեր շարքերը», - ասաց ծնողներից մեկը:
Զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդը, 4 օր առաջ՝ միջադեպի օրը, ևս ձեռնաշղթաներով ոստիկանական բաժին էր տարվել, հետո՝ ազատվել։ Վարչապետի որդու հաղորդման հիմքով քրեական գործ է հարուցել՝ մարդուն առևանգելու հոդվածով։
Կրտսեր Փաշինյանը, Քննչականի փոխանցմամբ, պատմել էր, թե որդեկորույս մայր ներկայացած կինն իրեն հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, սակայն անսպասելի սկսել է այն անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցրել։ Դրանից հետո Աշոտ Փաշինյանը մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։
Կառավարության շենքի մոտ հավաքված ծնողները, սակայն, պնդում են՝ առևանգում չի եղել, վստահ են՝ պատժվում են իրենց քաղաքական հայացքների համար։
«Առաջադրված մեղադրանքը շինծու է: Ես իրեն համարում եմ քաղաքական բանտարկյալ, նա այսօր բանտում է գտնվում իր քաղաքական հայացքների համար», - նշեց ծնողներից մեկը:
«Այսինքն՝ իրա երեխային չի կարելի ասել՝ նստի, գնում ենք ուղղակի զրուցենք, չգիտես ինչի համարում են դա առևանգում: Իսկ ո՞վ է իմ, Գայանեի, մնացած 5 հազարի երեխայի սպանության համար պատասխան տալու», - ասաց մեկ այլ ծնող:
Բացառում եմ, որ հետ վերցնեմ, որդուս հորդորեմ հետ վերցնի այդ դիմումը. Փաշինյան
Բողոքի ակցիային զուգահեռ կառավարությունում ընթանում էր վարչապետի ասուլիսը։ Կառավարության շենքի մոտ ուժեղացված հսկողություն էր, բազմաթիվ ոստիկաններ են հսկում շենքը։ Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Փաշինյանը հայտարարեց՝ չի հորդորելու որդուն հետ վերցնել բողոքը, ասաց՝ Աշոտը իր փաստարկներով զրկել է իրեն նման հնարավորությունից։
«Բացառում եմ, որ հետ վերցնեմ, որդուս հորդորեմ հետ վերցնի այդ դիմումը: Եթե չկա հանցակազմ, թող գործը կարճեն, եթե կա հանցակազմ, թող գործի նախաքննությունը ավարտեն, ուղարկեն դատարան, դատարանը որոշում կայացնի: Էլի ուզո՞ւմ եք տեղափոխեք հարցերը տղայական հարթություն», - ասաց վարչապետը:
Ընտրովի արդարադատություն չէ՞ արդյոք այս ամենը, երբ մեկ տարի առաջ հղի կնոջը վրաերթի ենթարկած վարչապետի շարասյան վարորդն ազատության մեջ է, իսկ վարչապետի որդուն առևանգելու մեջ մեղադրվող կինը՝ բանտում։ Վարչապետը, որ մանրամասն տեղյակ էր Գայանե Հակոբյանի գործողություններից, ասաց՝ տեղեկություն չունի վթարից մահացած Սոնա Մնացականյանի քրեական գործից ու փաստացի անպատասխան թողեց հարցը՝ չհստակեցնելով՝ իսկ ինչո՞ւ զոհված զինվորի մայրը չի կարող ազատության մեջ սպասել նախաքննությանն ու դատավճռին։
Փոխարենը Փաշինյանը հիշեցրեց, որ իր տղան էլ է մասնակցել պատերազմին ու հռետորական հարց բարձրացրեց՝ Աշոտին չդիպած ադրբեջանական բեկո՞րն է որոշել, որ նա հերոս չէ և մարդ է, որի նկատմամբ կարելի է այդպես վարվել։
«Ադրբեջանական բեկրո՞րն է որոշում, որ Աննա Հակոբյանը հերոսածին մայր չէ, ովքեր ներգրավված են առևանգելու միջադեպի մեջ, ադրբեջանական բեկորի անկատար գործն են ուզո՞ւմ ավարտին հասցնել», - ասաց Փաշինյանը:
Ծնողների պնդումներին, որ Աշոտը դատարանի բակում պատահական չէր հայտնվել, Փաշինյանը հակադարձեց՝ իրենց տունն այդ տարածքում է. - «Ինչի՞ է այդտեղ հայտնվել այդ պահին, որովհետև մենք կողքի շենքում տուն ունենք, առավոտը իր տնից դուրս է եկել՝ գնալու ինչ-որ տեղ»:
Գայանե Հակոբյանի կալանավորումը մի քանի օր է մեծ քննարկումների առիթ է դարձել Հայաստանում, արձագանքել է նաև լռությունը ոչ հաճախակի խախտող առաջին նախագահը։ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը նշել է, որ թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը. - «Սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը»:
Խոր մտահոգություն է հայտնել նաև Մայր Աթոռը։