Կկալանավորվի՞, թե՞ ազատ կարձակվի վարչապետի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանը։ Քննիչի ներկայացրած կալանքի միջնորդության քննությունն այսօր ավարտվեց, դատարանը որոշումը վաղը կհրապարակի։
Հակոբյանն արդեն երկու օր է ձերբակալված է։ Երեկվանից հացադուլ հայտարարած կնոջ համար դատարանին երաշխավորություն են ներկայացրել տասը ընդդիմադիր պատգամավորներ։
Քննչական կոմիտեի քննիչը դատարանում պնդել է, որ Հակոբյանը պետք է կալանավորվի, մինչդեռ պատերազմում որդուն կորցրած մայրը շարունակում է հավաստիացնել, որ կրտսեր Փաշինյանի հետ ընդամենը ուզում էր զրուցել, առևանգելու մտադրություն թե՛ ինքը, թե՛ մյուս ծնողները չեն ունեցել։
«Գայանեն պնդում է, որ որևէ կերպ չի արգելել, ինչպես Աշոտն է պնդում, որ նա մեքենայից դուրս գա։ Այդպիսի պահանջ նրա կողմից չի հնչել», - ասաց Հակոբյանի փաստաբար Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանը նիստից հետո տեղեկացրեց, որ երեկ վարչապետի որդին ու իր պաշտպանյալը առերեսվել են։ Քննիչի հարցին՝ եթե Գայանե Հակոբյանը ազատության մեջ մնա, ունի՞ կասկածներ, որ էլի կարող է իրեն առևանգել, վարչապետի որդին, ըստ Ռուբեն Մելիքյանի, պատասխանել է. - «Ասում է՝ ես ոչինչ չեմ կարող պատասխանել։ Ոչ այո, ոչ էլ ոչ»։
Միջադեպից հետո 23-ամյա Աշոտ Փաշինյանը որևէ հրապարակային հայտարարություն չի արել։ Նրա հետ կապ հաստատել մեզ չի հաջողվել։ Փոխարենը Քննչական կոմիտեն հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի երկու օր առաջ Շենգավիթում վարչապետի որդուն նկատած որդեկորույս ծնողները մոտեցել, առաջարկել էին զրուցել։ Ինքը համաձայնել է և նստել Գայանե Հակոբյանի ավտոմեքենան։ Հետո կինն ավտոմեքենայում խոսել է 2020 թվականի պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Ինքը պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, իսկ կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու են տարել, ու կորցնելու ոչինչ չունի, ուստի, առանց հարցնելու, իրեն տանում է «Եռաբլուր», որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ։ Փաշինյանը մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել, վայրկյաններ անց, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած մյուս ծնողներն են։
«Ազատությունից զրկված լինելու ընկալում այստեղ պարզապես լինել չէր կարող՝ նաև կողմերի հարաբերակցությունը հաշվի առնելով։ Առողջ տղամարդ, մեկ հոգի է եղել վարորդ... երկուսով են եղել, ուրիշ մարդ չի եղել։ Տեսնում եք, որ մարդը թռնում է, առաջինը ես որ նայեցի, ասացի երևի չորս-հինգ հոգի եղել են, բռնել են...», - նշեց Ռուբեն Մելիքյանը։
Նրա փոխանցմամբ, Հակոբյանն ու կրտսեր Փաշինյանն առերեսվել են դրական մթնոլորտում, հակասությունները քիչ են։ Փաշինյանը կրկնել է Քննչական կոմիտեում պատմածը, թե կինն իրեն թույլ չի տվել մեքենայից դուրս գալ։ Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» կադրերում երևում է, թե ինչպես է Փաշինյանի որդին դուրս թռչում ընթացող ավտոմեքենայից։ Դրանից հետո, երբ Գայանե Հակոբյանը դուրս է եկել մեքենայից, սա կրտսեր Փաշինյանը դիտարկել է որպես առևանգման շարունակություն, որպեսզի իրեն տանի Եռաբլուր։
«Հակասությունը վերաբերում է նրան, թե արդյոք նա պահանջ ներկայացրել է դուրս գալու, թե չի ներկայացրել դուրս գալու պահանջ։ Եվ այն ժամանակ, երբ մեքենայինց ընկել է, ընկնելու արդյունքում մի փոքր էլ վնասվել է, ինչո՞ւ է դուրս եկել տիկին Գայանեն։ Ըստ քննության վարկածի, փորձ է կատարվել նրան բռնել և շարունակել առևանգումը», - փոխանցեց փաստաբանը։
Գայանե Հակոբյանն ու պատերազմում իրենց որդիներին կորցրած մի քանի տասնյակ այլ ծնողներ, որոնք իշխանություններին ու անձամբ վարչապետ Փաշինյանին են մեղադրում պարտության ու զոհերի համար, հաճախ են տարբեր ակցիաներ անցկացնում՝ պահանջելով բացահայտել իրենց երեխաների մահվան հանգամանքները։
Այսօր ծնողները կարճ ժամանականով փակեցին Արշակունյաց պողոտան՝ պահանջելով ազատ արձակել Հակոբյանին, ապա հայտարարեցին, որ եթե վաղը դատարանը կալանավորի նրան, ակցիաները կշարունակեն։
Ծնողներից Վահիդ Սահակյանը պատմեց, որ Գայանե Հակոբյանի դուստրն անգամ չի կարողացել մորը համոզել դուրս գալ հացադուլից։
Մինչ Գայանե Հակոբյան փաստաբանները տարակուսում են, թե ինչու Փաշինյանը դուրս թռչելու փոխարեն ավտոմեքենայից հանգիստ դուրս չի եկել, երբ այն լուսացույցի տակ խաչմերուկում կանգնած էր, Քննչական կոմիտեից պնդում են, որ կնոջը վերագրվող հանցագործությունը ծանր է։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Գայանե Հակոբյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում։