Մատչելիության հղումներ

Առաջին նախագահը քննադատել է որդեկորույս մոր կալանավորումը


«Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը», - հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մեկնաբանելով 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը։

Ilur.am-ում հրապարակած հայտարարությամբ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը նշել է, որ թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը. - «Սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը: Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում»:

Սա արձանագրելով հանդերձ՝ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը միաժամանակ անհրաժեշտ է համարել նշել, որ անընդունելի են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսևորումները:

Վարչապետի որդուն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանը երեկ մեկ ամսով կալանավորվեց։ Նա մեղքը չի ընդունում, նրա փաստաբանները դատական նիստից հետո հայտարարեցին, որ կալանքի որոշումը կբողոքարկեն։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտ Փաշինյանը ցուցմունք է տվել, որ որդեկորույս մայր ներկայացած կինն իրեն հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, սակայն անսպասելի սկսել է այն անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցրել։ Դրանից հետո Փաշինյանն, ըստ իրավապահների, մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։

XS
SM
MD
LG