Մատչելիության հղումներ

Դատարանը կալանավորեց Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանին


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։ Նա մեղադրվում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։

Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով։

Նրան աջակցող մեծաթիվ քաղաքացիներ հավաքվել են դատարանի բակում: Որոշումից հետո նրանք փակեցին Արշակունյաց պողոտան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու հաղորդման հիմքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առևանգելու հոդվածով։

Հացադուլ հայտարարած կնոջ համար դատարանին երաշխավորություն էին ներկայացրել տասը ընդդիմադիր պատգամավորներ։ Քննչական կոմիտեի քննիչը դատարանում պնդել էր, որ Հակոբյանը պետք է կալանավորվի, մինչդեռ պատերազմում որդուն կորցրած մայրը շարունակել էր հավաստիացնել, որ կրտսեր Փաշինյանի հետ ընդամենը ուզում էր զրուցել, առևանգելու մտադրություն թե՛ ինքը, թե՛ մյուս ծնողները չեն ունեցել։

Միջադեպից հետո 23-ամյա Աշոտ Փաշինյանը որևէ հրապարակային հայտարարություն չի արել։ Փոխարենը Քննչական կոմիտեն հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի երեք օր առաջ Շենգավիթում վարչապետի որդուն նկատած որդեկորույս ծնողները մոտեցել, առաջարկել էին զրուցել։ Ինքը համաձայնել է և նստել Գայանե Հակոբյանի ավտոմեքենան։ Հետո կինն ավտոմեքենայում խոսել է 2020 թվականի պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Ինքը պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, իսկ կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու են տարել, ու կորցնելու ոչինչ չունի, ուստի, առանց հարցնելու, իրեն տանում է «Եռաբլուր», որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ։ Փաշինյանը մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել, վայրկյաններ անց, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած մյուս ծնողներն են։

XS
SM
MD
LG