44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ով կասկածվում է Աշոտ Փաշինյանին առևանգելու համար, Էրեբունի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր և այսօր նախատեսված է առերեսում Աշոտ Փաշինյանի հետ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել էր Շենգավիթի քննչականում և, ըստ Մելիքյանի, երեկ ուշ երեկոյան շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ, նա տեղափոխվել էր Էրեբունու հիվանդանոց։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա է Քննչական կոմիտում քրեական գործ հարուցվել՝ մարդուն առևանգելու հոդվածով։
Վարչապետի որդին իրավապահներին ասել է, թե Վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, դատարանի բակում կանգնած՝ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև «որոշակի «ռեպլիկներ» են հնչեցնել»։ Կանանցից մեկն, ըստ Փաշինյանի տված հաղորդման, առաջարկել է նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել, և երբ ինքը նստել է մեքենան, կինն անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել հետևից ընթացող մեքենան: «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե «առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են»։
Հաղորդումից ժամեր անց Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի առնչությամբ Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել պատերազմում զոհված զինծառայողների՝ Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ու Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, վերջինս ձերբակալվել է։