Մատչելիության հղումներ

«Եթե մեղադրանքն ընդունեի, կհամաձայնեի վաղեմության ժամկետին». Մեկնարկեց Ծառուկյանի դատավարությունը


90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար մեղադրվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագի Ծառուկյանն այսօր դատարանի բակում հերքեց մեղադրանքը. - «Ես կապ չունեմ, մեղքը չեմ ընդունում, այդպիսի բան չկա»։

Արդեն դատարանի դահլիճում նա հավելեց. - «Ես հինգ տարի ա, նույն բանը ասել եմ, մինչև հիմա էլ ասում եմ, որ եթե ես մեղավոր լինեի, վաղուց արդեն վաղեմության ժամկետը անցել ա, կդիմեի, որ վաղեմության ժակետով գործը կարճեին»։

Շուրջ երեք տարի ձգված քննությունից հետո դատախազությունը ապրիլին հաստատեց 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կաշառք բաժանելու գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի և նրա բիզնես կայսրության՝ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի մեղադրանքն ու գործն ուղարկեց Հակակոռուպցիոն դատարան։

Այսօր առաջին նիստն էր, որի մեկնարկին Ծառուկյանի փաստաբանները դատավորին խնդրեցին արգելել նկարահանել մեղադրյալներին ու փաստաբաններին։ Դատավորը բավարարեց միջնորդությունը։

Ծառուկյանը պատասխանեց դատավոր Արամ Գրիգորյանի մի քանի հարցերին՝ խնամքին մեկ անչափահաս երեխա կա, դատված չի եղել.

Առաջին դատական նիստը մի քանի րոպե տևեց. Ծառուկյանն այսօր առավոտյան էր ստացել մեղադրական եզրակացությունը և չէր հասցրել ծանոթանալ դրան։ Այդ պատճառով նիստը հետաձգվեց։

«Քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում», - 2020 թվականի հունիսին, նույն օրը, երբ Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրվել, վարչապետ Փաշինյանն այսպես էր որակել այս քրեական գործը՝ ընդգծելով, թե ԲՀԿ-ի պարագայում ծախսվել են հիմնականում մի մարդու փողեր։

Իրավապահները քրեական գործի մասին հայտարարել էին Փաշինյանի կառավարությանը ԲՀԿ-ի քննադատությունից հետո։ Այդ ժամանակ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Ծառուկյանը պահանջում էր կառավարության հրաժարականը։ Ծառուկյանի քննադատությունից հետո իրավապահները խուզարկել էին նրա՝ Կոտայքի մարզի առանձնատունը, ինչից հետո ԱԱԾ-ն նրան կանչել էր հարցաքննության, հետո էլ մեղադրել ընտրակաշառք տալու համար, ապա կալանավորել։ Ավելի ուշ Ծառուկյանը կալանքից ազատ արձակվեց։

Այն ժամանակ ԲՀԿ-ականները մեկը մյուսի հետևից հայտարարում էին քաղաքական հետապնդման մասին։ Իշխանություններն էլ հակադարձում էին, թե որևէ ազդեցություն իրավապահների վրա չկա։

Այսօր լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հինգ տարի առաջ այս օրերին միացել էր Փաշինյանի առաջնորդած հեղափոխությանը, և հարցին, թե հիմա արդյոք փոշմանել է դրա համար, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց՝ ըստ էության այլ կերպ ընկալելով հարցը. - «Այսինքն՝ ինչի՞ համար պետք է փոշմանեի։ Ինչ-որ բա՞ն ա փոխվել, երկրում անվտանգությունը, բարեկեցությունը փոխվե՞լ ա»։

Քրեական գործը հարուցելիս ԱԱԾ-ն հայտարարել էր, որ իրենց ձեռքի տակ են հայտնվել քաղաքացիների անուն-ազգանուններով ցուցակներ, որոնք 10 հազարական դրամներ էին ստացել ընտրություններին նախորդող շրջանում։ Ծառուկյանն այսօր ասաց՝ տեղյակ չէ այդ ինչ ցուցակներ են. - «Եսիմ որ գյուղում ով կա, ես ի՞նչ պետք է կապ ունենամ։ Ես ուզում եմ մի հատ հասկանամ ձեզ»։

Դեռ 2020-ին իրավապահները հայտարարել էին, որ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը պատմել է, որ Ծառուկյանն իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Պողոսյանն էլ դիմել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ գումար ստանալու համար։

ԲՀԿ առաջնորդը, սակայն, այլ կերպ մեկնաբանեց իր ու Պողոսյանի հանդիպումը. - «Ոչ, սխալ եք ասում։ Ես ճանաչելով այդ մարդուն, որ հարգանք ունի, որ իրեն ընդունում են, ասել եմ, որ կարա ինքը մասնակցի, հաջողության դեպքում մենք իրեն համապատասխան գործ կտանք։ Այդքան բան»։

Վազգեն Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում հաստատել էր, որ գումար ստացել է, բայց պնդել էր, թե դա ընտրակաշառք չէ, 90 միլիոն դրամը ծախսվել է բացառապես նախընտրական շրջանում քարոզարշավի համար։

Եթե անգամ դատաքննության ընթացքում հաստատվի Ծառուկյանի ու Սեդրակյանի մեղքը, նրանք չեն ազատազրկվի վաղեմության ժամկետի հիմքով։ Դատարանը ընդամենը կարող է մեղավոր ճանաչել ընտրակաշառք բաժանելու համար։ Մեղադրյալները, սակայն, արդարացում են պահանջում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG