Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ` Ծառուկյանը խախտել է օրենքը. փաստաբանը դա անհիմն է համարում


ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, արխիվ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, արխիվ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ լինելով պատգամավոր` միաժամանակ զբաղվել է նաև իր բիզնես կայսրության կառավարմամբ։

Սահմանադրության 95 հոդվածի համաձայն` պատգամավորը, ի թիվս այլ արգելքների, չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Սահմանադրության հենց այս հոդվածն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը հիմք ընդունելով՝ երկուշաբթի Ազգային ժողովի խորհուրդը որոշման նախագիծ էր հրապարակել Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Հարցի քննարկումը, սակայն, մեկ շաբաթով հետաձգվեց, քանի որ Ծառուկյանը ներկա չէր խորհրդի նիստին։ Հաջորդ շաբաթ արդեն նիստը կարող է տեղի ունենալ առանց նրա ներկայության։«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն քաղաքական հետապնդում է որակել Ազգային ժողովի խորհրդի այս նախաձեռնությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասում է. «20 թվականին կոնկրետ 2 կազմակերպության առնչությամբ իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք ավելի շատ վերաբերելի են հենց հավատարմագրային կառավարչի լիազորություններին և արդեն պայմանագրով հանձնված են եղել կոնկրետ հավատարմագրային կառավարչի իրականացմանը, այսինքն` կոնկրետ տնօրենի նշանակում, մեկ այլ տեղ տնօրենին աշխատանքից ազատելը, կոնկրետ ընդհանուր ժողովի մասնակցությունը և նախագահումն արդեն հանդիսանում են Հանրային ծառայության մասին օրենքով անհամատեղելիությանն առաջադրված պահանջ-կանոնների խախտումներ»:

Հայկուհի Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրել է 2003-ից պատգամավորական մանդատ ունեցող Ծառուկյանի՝ առևտրային կազմակերպություններում ունեցած մասնակցությունը, բայց գնահատել է միայն 2020 թվականին պատգամավորական մանդատի հետ զուգահեռ առևտրային կազմակերպություններում գործունեությունը։ Ընդ որում, ըստ հանձնաժողովի` իր բիզնեսը 2017 թվականից հավատարմագրային կառավարման հանձնած ընդդիմադիր գործիչը մեկ անգամ չէ, որ հենց հավատարմագրային կառավարչի գործն է կատարել։

«Այստեղ հիմնական նպատակն այն է, որ քաղաքական գործընթացների վրա այլ հնարավոր բոլոր տեսակի ազդեցությունները բացառվեն, ընդհուպ մինչև մասնավոր բիզնես գործունեության պատճառով անձի կողմից իր պատգամավորական, այլ քաղաքական պաշտոնական լիազորությունների իրականացման ժամանակ հնարավոր կաշկանդավածության բացառելն է», - ասաց Հարությունյանը:

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Ծառուկյանի մերձավոր, տարբեր քրեական գործերով անցնող, կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին։ Ծառուկյանը հենց նրան է հանձնել իր բիզնեսի կառավարումը։

Ծառուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմին Խաչատրյանը հանձնաժողով է ներկայացրել իրենց փաստարկները, որ Առուստամյանը չի կարողացել կատարել իր աշխատանքը, և Ծառուկյանը նոր գործադիր մարմնի ղեկավար է նշանակել, իսկ դա չի կարող դիտվել որպես ընկերության կառավարմանը մասնակցել, հավաստիացրել է Ծառուկանի փաստաբանը. «Սույն օրենքի իմաստով առևտրային կազմակերպությունում, այնտեղ բացառություն կա կասեմ, պաշտոն զբաղեցնելու նորք հասկացվում է առևտրային կազմակերպության կառավարման մարմնում ընդգրկված լինելը: Չունենք այդ դեպքը, առևտրային կազմակերպությունում ցանկացած այլ պաշտոն զբաղեցնելը, չունենք այդ դեպքը, առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը, չունենք այդ դեպքը: Հիմա այստեղ փորձում են, փորձ է կատարվում այդ մի հատ ստորագրությունը բերել, տեղավորել այս օրենքի տրամաբանության մեջ»:

Բայց ըստ հանձնաժողովի` տարբեր ժամանակներում Ծառուկյանը հանդես է եկել գործարարի դիրքերից։ 2018 թվականին Ծառուկյանը ստորագրել է «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարանի կանոնադրության փոփոխությունը, դրանից հետո էլ՝ 2020-ին, կնքել է աշխատանքային պայմանագրի փոփոխություններ, այն դեպքում, երբ հավատարմագրային կառավարիչն ինքը կարող էր դա անել։

Ծառուկյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` բաժնեմաս ունի ավելի քան 54 ընկերությունում։ Հանձնաժողովի եզրակացությունն անհիմն համարող փաստաբանն իրենց դիտարկումները կներկայացնի ԱԺ խորհրդին, որը առաջիկա շաբաթ պետք է քննարկի Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագիծը։ Փաստաբանը պնդում է՝ Սեդրակ Առուստամյանը բանտում էր, և որպեսզի բիզնես կառույցները չկազմաքանդվեն, արագ լուծում է տրվել։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ Ծառուկյանն ինքն է կառավարում իր բիզնեսը. «Հարցը դա է, որ երբ որ նման բարդ իրավիճակի առաջ ենք կանգնել, երբ որ պարոն Առուստամյանին ձերբակալել են, հետո կալանավորել են, մենք սպասել ենք ահագին, որ պետք է վերջը էտ անհիմն կալանավորումը վերացվի, ու դրա արդյունքում նոր այդ մասերով երբ որ անհնարին է դարձել, որ պատշաճ կերպով պարոն Առուստամյանն իրականացնի իր վրա դրված պարտականությունները, այ դրանից հետո որ չկազմալուծվի այդ կազմակերպությունները, հետո այդտեղ էլի եմ ասում` շատ կարևոր հանգամանք է, որ պարոն Ծառույանն անձամբ չի որոշել, թե ում նշանակի»:

Հայկուհի Հարությունյանն իր հատուկ կարծիքում ընդգծում է՝ հայտնաբերված փաստերը վկայում են նաև, որ Հայաստանում ռիսկ համարվող քաղաքական կոռուպցիան արձանագրվել է, երբ Ծառուկյանն արդեն ստանձնած է եղել քաղաքական պաշտոն և միաժամանակ մասնակցություն է ունեցել տարբեր առևտրային կազմակերպություններում, և որ Սահմանադրության մեջ այդ արգելքը նշանակում է նաև կանխել քաղաքականության և բիզնեսի սերտաճումն ու հովանավորչությունը։

Ըստ հանձնաժողովի` 2003 թվականին առաջին անգամ պատգամավոր ընտրվելու ժամանակ Ծառուկյանը բաժնետեր է եղել 5 առևտրային կազմակերպություններում։ 2019 թվականի տարեկան հայտարարագրում այդ կազմակերպությունների թիվն ավելացել է ավելի քան 10 անգամ։ 2011-2019 թվականներին այդ կազմակերպություններից որպես եկամուտ Գագիկ Ծառուկյանը ստացել է մոտ 24 միլիարդ դրամ շահաբաժին։ 2012-2020 թվականներին պատգամավորական մանդատից բխող հիմնական գործառույթից՝ քվեարկությունների մոտ 82 տոկոսի դեպքում բացակայել է։ Այս փաստերը վկայում են, որ նրա գործունեության մեջ գերակշռում է բիզնես և ոչ թե պատգամավորական գործունեությունը։ Եզրակացության հիման վրա Ազգային ժողովի խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը կքննի մեկ շաբաթից։

XS
SM
MD
LG