«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը որակում է քաղաքական հաշվեհարդար և նրան համարում քաղբանտարկյալ։
Կաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց երեկ ուշ երեկոյան։ Նրա գլխավորած ԲՀԿ-ն այսօր տարածած հայտարարությամբ պնդում է, թե դատավոր Մնացական Մարտիրոսյանն ապօրինի որոշում է կայացել և որևէ հիմնավոր փաստ չի ներկայացրել, թե մեղադրանք առաջադրելուց չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։
«Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքական բանտարկյալ է: Իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ», - նշված է հայտարարությունում։
Դատարանի կողմից կալանավորման որոշման հրապարակումից անմիջապես հետո Ծառուկյանը երեկ կեսգիշերին մոտ ինքնակամ ներկայացավ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Ծառայության շենքի մոտ նրա աջակիցներն ու թիմակիցներն էին հավաքվել։ ԲՀԿ առաջնորդը մինչև ԱԱԾ մտնելն իր աջակիցներին հրաժեշտ տալով հայտարարեց՝ կալանավորելու որոշումը քաղաքական պատվեր է։
«Կարճ ժամանակահատվածում, նորից եմ ասում, որ սաղ իրանց որոշման համար պատասխան են տալու, սուտ խոսալով, ժողովրդին խաբելով՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, Ղարաբաղի հարցով էլ, որ սաղ ասում են՝ ժողովրդից թաքցնելու բան չունենք, ժողովրդի հետևից են սաղ անում: Ասում եմ՝ կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու, և այս պատվեր կատարողները պատասխան են տալու, իրանք ապրում եմ այս երկրում, իրանց երեխաները ապրում են այս երկրում: Շանտաժ անելու համար, վախից Ծառուկյանին կալանավորել, հիմնական խնդիրը, որ քննությանը չոխընդոտեմ, քննությունը 4 ամիս է անցնում է», - ասաց Ծառուկյանը:
Ընդդիմադիր ուժի համար անակնկալ չէր իրենց առաջնորդին կալանավորելու՝ դատարանի որոշումը, ԱԱԾ շենքի մոտ հայտարարեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նույն օրը Ծառուկյանի պաշտպանները միջնորդել էին, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի, սակայն այն մերժվել էր։
«Պարոն ծառուկյանի ոգին ամուր է,և ինքը իր թիմակիցներին հորդորեց նույն սկզբունքներով շարունակել առաջնորդվել, և բնականաբար այս գործընթացում ամբողջ թիմը «Բարգավաճ Հայաստանի»՝ թե՛ քաղաքական թիմը, թե՛ մեր աջակիցները վստահաբար պարոն Ծառուկյանի կողքին էինք և՛ այսօր, և՛ շարունակելու է լինել բոլոր այն անօրինական կալանքի օրերին կամ ամիսներին, որոնց ենթարկվել է պարոն Ծառուկյանը: Մենք ունենք մեր հստակ ճանապարհային քարտեզը, առաջնորդվելու ենք դրանով անկախ այն հանգամանքից, որ մեր ղեկավարը՝ պարոն Ծառուկյանը չի լինելու քաղաքական այս գործընթացի առաջնորդման դիրքերում», - նշեց Տոնոյանը:
Իշխող «Իմ քայլից» անլուրջ են համարում Ծառուկյանին քաղբանտարկյալ հռչակելը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անհիմն է որակում հայտարարությունները, թե ԲՀԿ առաջնորդը քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ իշխանություններին քննադատելու համար։
«Ո՞ր քաղաքական գործունեության համար է սա հետապնդում, ամեն մեկին հազար, 2 հազար, 3 հազար դոլար բաժանելո՞ւ, ո՞ր օրակարգի համար, երբ որ այս նույն դատավորը Էդուարդ Բաբայանին նույն խմբակցության ընտրում էր խափանման միջոց գրավի դիմաց, նույն այդ մարդիկ համարում են, որ դատավորն արդար է, և դատավորն արդար որոշում է կայացնում: Ես այս երկակի ստանդարտներն անկեղծ ասած չեմ հասկանում, ու դա ամենամեծ թուլությունն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թե՛ հայտարարության, թե՛ այն մարտավարության, որը իրենք հիմա ընտրել են», - ասաց Սիմոնյանը:
ԲՀԿ-ի հետ հոկտեմբերին հանրահավաք նախատեսող երկու քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը ևս այսօր դատապարտել են Ծառուկյանի կալանավորումը։ Ընդդիմադիրները պահանջում են ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին։ Նրանք պատահական չեն համարում, որ ԲՀԿ առաջնորդը կալանավորվեց հանրահավաքի մասին հայտարարելուց օրեր առաջ։
Իշխող «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանն արձագանքում է՝ կալանավորման միջնորդությունն դատարանում էր մինչև նորաստեղծ եռյակի հանրահավաքի մասին հայտարարությունը. «Օրինակ՝ իրենք պնդում էին, որ որոշումը կայացվել է հանրահավաքի հետ կապված, այնինչ սեպտեմբերի 17-ից արդեն իսկ մակագրված է եղել և նշանակված է եղել դատական նիստ, որը պետք է քններ խափանման միջոցը: կամել դա հանրահավաքի հետ չի ստացվում»:
Այսօր նաև Գլխավոր դատախազությունն է արձագանքել Ծառուկյանին կալանավորելու քաղաքական պատճառների մասին հնչող պնդումներին։ Ընդգծում են՝ դատարանի երեկվա որոշումը անձնավորելու, քաղաքականացնելու դիտավորությամբ փաթեթավորելը որևէ տրամաբանություն չի կարող ունենալ, գերատեսչությունից հորդորում են դադարեցնել շահարկումները:
Դատախազի գլխավոր օգնական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքում, մասնավորապես, նշել է, որ Ծառուկյանի կալանավորումը հիմնավոր է, Վերաքննիչը ևս իրենց փաստարկներն ընդունել է։
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ բացի 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալը կազմակերպելու մեղադրանքը, Ծառուկյանի առնչությամբ ընտրակաշառքի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ է հարուցվել։ Այն միացվել է նախորդ քրեական գործին։ ԱԱԾ-ից «Ազատությանը» հայտնել են, որ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել մոտ երկու տասնյակ անձի։