Մատչելիության հղումներ

Ձերբակալված են ընդդիմադիր 10 գործիչներ, այդ թվում` Ծառուկյանը, Վանեցյանը


Ընդդիմադիր ուժերի առաջնորդներն ու ներկայացուցիչները երեկ ձերբակալվել են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, որոշներն էլ նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) է քննում հրադադարի հաստատման հայտարարությունից դժգոհ և իշխանությանը դավաճանության համար մեղադրող ընդդիմադիր17 ուժերի նախաձեռնած հանրահավաքի կազմակերպման գործը:

Ձերբակալված են 10 գործիչներ՝ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, մոտ երեք շաբաթ առաջ կալանավորումից ազատ արձակված Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը, «Հանրապետական» կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը և այլք:

Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը և ևս երկու մարդ կասկածվում են քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված՝ սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու հանցագործության համար։

Մոտ երեք շաբաթ առաջ կալանավորումից 100 միլիոն դրամ գրավով ազատ արձակված Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն արդեն ապօրինի են որակել ձերբակալումը։

Փաստաբան Սամվել Դիլբանդյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ Ծառուկյանին չէին կարող ձերբակալել, քանի որ նա անձեռնմխելիություն ունի։ Ամիսներ առաջ գլխավոր դատախազի միջնորդությամբ խորհրդարանը Ծառուկյանին զրկել էր անձեռնմխելիությունից այլ քրեական գործի համար, ասում է փաստաբանը։ Ծառուկյանն այդ գործով մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար: «Օրենքի կարգավորումն այն է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, երբ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկում են, իրեն զրկում են կոնկրետ առաջադրված մեղադրանքի հետ կապված, այսինքն` այդ մեղադրանքի շրջանակներում են իր նկատմամբ թույլտվություն տվել, պատգամավորները քվեարկել անձեռնմխելիությունից զրկելու: Հիմա այս հանցակազմի հետ կապված նրան որևէ մեկը միջնորդություն դեռևս չի ներկայացրել, որ նրան անձեռնմխելիությունից զրկեն: Բայց քանի որ նրա նկատմամբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվել, այսինքն` նրան առանց համապատասխան ընթացակարգի, առանց ձերբակալման օրենքով նախատեսված հիմքերի առկայության ապօրինաբար ձերբակալում են իրականացրել, հետևաբար նաև դրանով խախտվել է նրա անձեռնմխելիության իրավունքը», - ասաց նա:

Միևնույն ժամանակ Դիլբանդյանի խոսքով՝ այնուամենայնիվ, օրենքով պատգամավորին կարող են ձերբակալել հետևյալ դեպքերում, ինչը, սակայն, Ծառուկյանին չի վերաբերում. «Պատգամավորին կարող են նաև առանց Ազգային ժողովի համաձայնության ձերբակալել, եթե նա բռնվել է հանցագործություն կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո, մնացած այլ հիմքերով, օրինակ` ձերբակալման այլ հիմքերով, ասենք եթե նրա մոտ հայտնաբերվել են հանցագործության ինչ-որ գործիքներ և այլն, հիմա իրենք որպես հիմք ընդունում են, որ նա բռնվել է հանցագործություն կատարելուց անմիջապես հետո: Եղբայր, ո՞նց կարող ա հանցագործություն կատարի, եթե նա հանցագործություն ընդհանրապես չի կատարել: Հանցագործություն կատարելուց անմիջապես հետո նա ո՞նց կարող է բռնվի: Անմիջապես հետո բռնվելն այն է, որ երբ օրինակ` երկու հոգի խուլիգանություն են կատարում, խուլիգանությունն ավարտեցին, ուզեցին փախչել, անմիջապես անձին բռնեցին»:

Պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից հետո հանրահավաքի մասին հայտարարածների ցանկում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր։ «Ազատության» հարցին` արդյոք իրավապահները հենց դա նկատի չունեն, երբ ձերբակալել են Ծառուկյանին, որը առաջնորդում է կուսակցությունը, և արդյոք դա չի նշանակում, որ նաև Ծառուկյանը պետք է մասնակցեր իրավապահների բնորոշմամբ օրենքով արգելված հավաքին, փաստաբան Դիլբանդյանը պատասխանեց. «Բայց կոնկրետ անձին քրեական պատասխանատվության ես ենթարկում կոնկրետ իր արարքի համար, հիմա կուսակցությունը կարող է որոշել է, ինքը նման հայտարարություն չի արել: Կոնկրետ ամեն անձի մեղադրանքը իր գործողություններով պետք է որոշել, նորից եմ կրկնում` այստեղ ձերբակալման որևէ հիմք չկա, այսինքն` դու իրավունք չունեիր անձին ձերբակալելու, պատգամավորի անձեռնմխելիությունը դու խախտել ես»:

Ծառուկյանի փաստաբանական թիմը հայտարարում է նաև, որ նրան սկզբում որպես վկա են հրավիրել ԱԱԾ, ծանուցագիրը բերել են երեկվա հանրահավաքից 20 րոպե առաջ, ապօրինի կերպով խուզարկել են, հետո հարցաքննել մոտ 30 րոպե։

«Դրանից հետո նրա մասնակցությամբ մոտ 9 ժամ բացարձակապես որևէ գործողություն չի կատարվել, և նա անհիմն կերպով գտնվել է ԱԱԾ-ում, քանի որ իրավապահները չէին կարողանում նրան ձերբակալելու որևէ հիմք գտնել», - Ֆեյսբուքում գրում է ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդի մյուս փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը փոխանցում է, որ որպես ձերբակալման հիմք քննիչը նշել է այն, որ Գագիկ Ծառուկյանը բռնվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո։ Ձերբակալման նպատակն էլ այն է, որ հանցանք կատարելուց հետո նրա փախուստը կանխվի:

XS
SM
MD
LG