Մատչելիության հղումներ

Պահանջում են` «Փաշինյանն անցնցում հեռանա». քաղաքական ուժերը վաղը հանրահավաք են անելու


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցություն վաղը հանրահավաք է անելու Ազատության հրապարակում։ Փաշինյանն իրավունք չունի ներկայացնել հայ ժողովրդին, ժամ առաջ պետք է հեռանա, ասում է հանրահավաքին միացած Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Սա կապիտուլյացիայի խայտառակ պայմանագիր է: Նախ այստեղ ուզում եմ շատ հստակ լինել` սա ընդդիմություն-իշխանություն պայքար չի, սա հայրենիքի բեկորները փրկելու քայլ է», - ասում է նա:

Հանրահավաքում ստեղծված իրավիճակից ելքեր են առաջարկելու, թե ինչ, Սաղաթելյանը չմանրամասնեց։ Միայն շեշտեց՝ Փաշինյանը պետք է անցնցում փոխանցի իշխանությունը։ Իսկ ո՞ւմ փոխանցի, այդ ո՞ր ուժերն են մտադրվել իշխանությունը ստանձնել, հարցրինք ՀՅԴ ներկայացուցչին։

«Իշխանությունը փոխանցի նոր ազգային մարդկանց, դրա ճանապարհային քարտեզն էլ, ձևերն էլ կգտնենք, ընդ որում պատրաստ ենք այդ անցումն անցնցում իր հետ քննարկել, որպեսզի այդ ցնցումները տեղի չունենան», - պատասխանեց նա:

17 կուսակցությունների թվում են նախկին իշխանություն «Հանրապետականը», «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը։ Մինչև հանրահավաքի հայտարարությունն այսօր առավոտյան Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն էր հանդիպել Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի հետ։ Ավելի ուշ քաղաքական ուժերը հայտարարություն տարածեցին, թե անվերապահ աջակցում են Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին, կոչ արեցին ժողովրդին պահպանել հանդարտություն և հանգստություն. Հայաստանը դեռ պատերազմի մեջ է։

«Մեր երկրի կայունությունը մեզ համար ինչպես միշտ գլխավոր արժեք է, և մեր բոլոր գործողությունները միտված են լինելու նաև հենց դրան: Հանկարծ երկրորդ ճակատ չբացենք քաղաքի կենտրոնում և հանկարծ երկիրը նոր ցնցումների չտանենք», - նկատում է Իշխան Սաղաթելյանը:

Թե Իշխան Սաղաթելյանը, թե Արթուր Վանեցյանը պնդում են՝ հեղաշրջման չեն պատրաստվում, անօրինական գործողությունների չեն դիմելու, առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի ստորագրությանը հաջորդած գիշերվա փողոցային ընդվզման հետ։ Դատապարտում են քաղաքացիների ներխուժումը կառավարության ու Ազգային ժողովի շենքեր, որտեղ նրանք ավերածություններով էին զբաղված։ «Որևէ կապ չունենք, դատապարտում ենք բռնությունը, հատկապես օրենքի խախտումները: Մեր բոլոր քայլերը երեկ միտված են եղել ամբոխին հանգստացնելու և իրավիճակը հանրապետությունում, հատկապես մայրաքաղաքում հանդարտեցնելու ուղղությամբ», - նշում է Վանեցյանը:

«Հայրենիք» կուսակցությունը Փաշինյանի հրաժարականը պահանջում էր պատերազմից առաջ, հիշեցրեց Արթուր Վանեցյանը` կրկին շեշտելով` հեղաշրջման նպատակ չունեն. «Հեղաշրջման նպատակ երբեք չենք ունեցել, մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր բոլոր գործողությունները լինելու են բացառապես օրենքների շրջանակներում, և որևէ պարագայում մենք Սահմանադրություն և օրենքներ չենք խախտելու»:

Արձագանքելով մեղադրանքներին, թե իր գլխավորած ջոկատը թեժ մարտերի ժամանակ լքել է դիրքերը, Վանեցյանն ասաց՝ Արցախից վերադարձել են Պաշտպանության նախարարության գիտությամբ. «Դիմեք Պաշտպանության բանակին, դիմեք Գլխավոր շտաբին և ստացեք պարզաբանում: Մենք մարտնչել ենք ամենաթեժ կետերում, ունենք 4 վիրավոր, և մենք վերադարձել ենք Հայաստան այս դավանաճանական պայմանագիրը ստորագրելու ընթացքը կասեցնելու նպատակով»:

Երեկ ուշ գիշեր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի դեպքից հետո Փաշինյանը լայվով դիմեց ժողովրդին, թե երկիրը թալանողների ժամանակը չի գալու, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը. «Եվ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են` ինչի մասին է խոսքը, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի, որովհետև, այո, մեր զինվորների վրեժը մենք նրանցից պիտի հանենք, մեր կորսված հայրենիքի վրեժը մենք նրանցից պետք է հանենք, էտ Հանրապետական, էտ ԲՀԿ-ական թալանչիներին, էտ «Հայրենիքի» դասալիքին, որ դիրքը թողել, փախել է: Մտածում են` իրենց ժամանակն եկե՞լ է, իրենց ժամանակը չի գալու, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»:

Մինչ քաղաքական ուժերը պատրաստվում են վաղվա հանրահավաքում ստեղծված իրավիճակից իրենց ելքերը ներկայացնել, ոստիկանությունը հիշեցնում է՝ երկրում ռազմական դրություն է, և արգելվում է հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG