Մատչելիության հղումներ

Վազգեն Պողոսյան. «Ծառուկյանի հետ ոչ մի խնդիր չունեմ, այդ ամենը սուտ է»


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատարանի շենքի մոտ, Երևան, 17-ը հունիսի, 2020թ.
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատարանի շենքի մոտ, Երևան, 17-ը հունիսի, 2020թ.

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով, ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ դեռ փետրվարին իրավապահներին ընտրակաշաքի բաժանման մասին հայտնած Վազգեն Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում թեև չի հերքում, որ 2017-ին մեծահարուստ Ծառուկյանից կլորիկ գումար է ստացել, բայց նաև պնդում է, թե դա ընտրողների ձայները գնելու համար չէր։

Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրակաշառք տալը կազմակերպելու համար, ԲՀԿ առաջնորդը մեղադրանքը չի ընդունում։

«Ես Ծառուկյանի հետ առերեսվել եմ ԱԱԾ-ի քննչական կոմիտեում, և, ուրեմն, Դուք կարող եք այդ բոլոր գաղտնիքները իմանալ քննական կոմիտեում: Ես Ծառուկյանի հետ ոչ մի խնդիր չունեմ, այդ ամենը սուտ է, այդ ամենը ուղղակի ժողովրդի մեջ հետաքրքրություն առաջացնելու համար է: Եվ ես ու Ծառուկյանը իրար ճանաչում ենք 90 թվից, ես կառուցել եմ նրա բուրգերը, նրա խաղատունը, եկեղեցու հիմքերը՝ այդ բոլորը ես եմ կառուցել և շատ առատաձեռն վարձատրվել եմ», - ասաց Պողոսյանը:

«Երևանշին» ընկերության տնօրեն 68-ամյա Վազգեն Պողոսյանը մեղադրվում է Քաղաքաշինության կոմիտեի այժմ նախկին նախագահ և կալանքի տակ գտնվող Վահագն Վերմիշյանին կաշառք տալու համար։ Հենց այս քրեական գործի շրջանակում դեռ փետրվարին իրավապահները խուզարկություն էին իրականացրել «Երևանշին»-ում և հայտնաբերել ընտրակաշառքին առնչվող փաստաթղթեր։ ԱԱԾ-ն նաև հաղորդել էր, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանն է իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին։

Պողոսյանը, սակայն, պնդում է՝ ԱԱԾ հաղորդագրությունում նշված 90 միլիոն դրամը ծախսվել է բացառապես նախընտրական շրջանում քարոզարշավի համար. - «Չէ՞ որ ամեն ընտրություն իր համար ծախսեր է պահանջում: Ինչի՞ եք Դուք դա դիտարկում որպես կաշառք, որպես չգիտեմ ինչ: Կազմակերպչական աշխատանքների համար մի՞թե գումարներ պետք չեն: Այդ ամեն ծախսերը եղել են կազմակերպչական աշխատանքների համար՝ օֆիսներ վարձելու, մարդկանց վարձատրելու երկու ամիս, վառելիքաէներգետիկ ռեսուրսի խնդիրները լուծելու, լույսի վարձը տալու, կոյուղու վարձը տալու, ջրի վարձը տալու, և այլն, և այլն՝ դրանք ծախսեր ո՞վ պիտի անի, եթե ոչ՝ կուսակցությունը: Համապետական ընտրությունները պահանջում են լուրջ ծախսեր, և դա պետք չի դիտարկել որպես կաշառք»:

«Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում Վազգեն Պողոսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ստացել է 8 հազար 151 ձայն, սակայն հետագայում հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Ըստ իրավապահների` Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Եվ պայմանավորվածության համաձայն՝ Պողոսյանը դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։ Ըստ դատախազության` հենց նրանք են զբաղվել ֆինանսական հարցերով։ Իրավապահներին Վազգեն Պողոսյանը պատմել է, որ նրանցից ստացել է 10-հազարանոց թղթադրամների տրցակներ, ընդհանուր առմամբ՝ 90 միլիոն դրամ։ Ձայների ապահովման համար այս գումարը բաժանել է ԲՀԿ անդամներին ու կուսակցության ակտիվիստներին, որոնք էլ ցուցակներով իր մոտ են եկել, ստացել են այդ գումարները, որոնք պետք է բաժանեին ընտրողներին։

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Պողոսյանը հաստատում է, որ հանդիպումներ Առուստամյանի և Մանուկյանի հետ եղել են, կրկին շեշտելով՝ բացառապես քարոզչական մասը ապահովելու համար։ «Ծառուկյանի հետ ես չեմ եղել, Ծառուկյանը ինձ հանձնարարել է՝ «գնա տղաների մոտ»: Տղաները դրանք Աբրահամ Մանուկյանը և Սեդրակ Առուստամյանն են», - ասաց նա:

Այս գործի շրջանակում Ծառուկյանից բացի մեղադրվում են նաև ԲՀԿ նախկին պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը և Վանիկ Ասատրյանը։ Նրանցից միայն Ասատրյանն է կալանքի տակ։ Վազգեն Պողոսյանն առերեսվել է նաև Աբրահամ Մանուկյանի հետ։

XS
SM
MD
LG