Ձերբակալված ընդդիմադիր գործիչների մի մասը ազատ է արձակվել։ Ազատության մեջ են Գագիկ Ծառուկյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալման որոշումը։
«Դատարանը գտնում է, որ փախուստի վտանգ գոյություն չունի, դատարանը գտնում է, որ արձանագրությունը կազմվել է օրենքի էական խախտմամբ, դատարանը գտնում է, որ ձերբակալման պահին բացակայել է անմիջականորեն ծագած կասկածը, դատարանը գտնում է, որ պարոն Ծառուկյանը չի բռնվել հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո: Այսինքն եթե մենք 12:40-ից մինչև գիշերը ձերբակալվելու ժամը՝ 23:26 րոպե գտնվել ենք ԱԱԾ շենքում ու վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչը չի կարողանում մեզ բացատրել, թե էդ որ ժամին է պարոն Ծառուկյանը հանցագործություն կատարել, ով է իրեն բռնել, արգելանքի վերցրել, որպեսզի քննիչը գա ձերբակալի», - նշեց փաստաբանը:
Երեկ Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) էր հաղորդել, որ 14 մարդ է ձերբակալվել սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, որոշներն էլ նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար։ Ավելի քան 40 օր ձգված պատերազմի ավարտից հետո, երբ նոյեմբերի10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին պատերազմի դադարեցման հայտարարությունը, ընդդիմադիրները բողոքի ակցիաներ նախաձեռնեցին։
Նոյեմբերի 11-ի հանրահավաքից առաջ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ որպես վկա կանչվեց, հետո հայտարարվեց նրա ձերբակալության մասին։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններինն ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող Ծառուկյանը, որ կալանավորումից ազատ է արձակվել հոկտեմբերի 22-ին 100 միլիոն դրամ գրավի դիմաց, այս նոր քրեական գործում կասկածվում է սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար։
Գիշերը ձերբակալությունից ազատ է արձակվել նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը կասկածվում է սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Ասաց՝ իրեն այդպես էլ տեղյակ չեն պահել, թե իրենց կազմակերպած միջոցառումն ինչ ծանր հետևանք է առաջացրել։
Նրանք, որ այսօր օրվա ընթացքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը և Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը հրավիրվել էին Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության: