Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց:
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդի փաստաբաններից Սամվել Դիլբանդյանը որոշումը «արդարացի» որակեց՝ նշելով. «Առաջին ատյանի դատարան դիմելու հիմքը քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված նոր հանգամանքներ ի հայտ գալու հանգամանքն է: Դա մեր երկրի ռազմական դրությունն է, այն վիճակն է, որ մենք այսօր կանք, գոյություն ունենք, ու դատարանը գնահատելով մեր միջնորդության մեջ բերված բոլոր իրավական և փաստական հանգամանքները կայացրեց արդարացի որոշում»:
Նշենք, որ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից:
Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։