Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ․ «Հայաստանը Պրահայում և Սոչիում ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարությունը, կիրակի երեկոյան, հակադարձելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությանը, պնդել է, որ Լաչինում անցակետի տեղադրումը միանգամայն օրինական է։

«Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն օրինական է և համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։ Առավել ևս, որ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - նշված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

«Ելնելով այդ հանգամանքից, Հայաստանի պետք է հարգի և ընդունի Ադրբեջանի՝ սեփական տարածք ելումուտը վերահսկելու իրավունքը», - հայտարարում է այդ երկրի արտգործնախարարությունը։

Ադրբեջանցիները երեկ փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է` ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի այդ քայլը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է և միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախն ամբողջությամբ հայաթափելու ադրբեջանական քաղաքականության հետևողական իրագործմանը։ Պաշտոնական Երևանը Մոսկվային կոչ է արել «ի վերջո կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը»:

XS
SM
MD
LG