Մատչելիության հղումներ

Անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը. ԱՄՆ պետդեպ


Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելի հայտարարության մեջ։

«Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ և բաց տեղաշարժ և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից», - նշված է փոխխոսնակի հաղորդման մեջ։

Ադրբեջանցիներն այսօր փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

Բաքվից էլ հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությունը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:

Փաստացի, Բաքվի այս քայլի հետևանքով Արցախի 4-5 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է անցակետի տեղադրումը, կոչ արել Ռուսաստանին քայլեր ձեռնարկել։ Արցախի Անվտանգության խորհուրդն էլ դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

XS
SM
MD
LG