Մատչելիության հղումներ

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Amnesty International-ի զեկույցում գրվել է այն, ինչ իրենք բարձրաձայնում էին մեկ տարի առաջ


Հայաստանյան ընդդիմությունը նկատում է՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում արձանագրվել է այն, ինչի մասին իրենք ահազանգում էին ամիսներ շարունակ՝ իրավապահները անհամաչափ ուժ են կիրառել հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում։

«Այո՛, հիմնականում մի քիչ ավելի մեղմ, բայց նույն գծի մեջ է։ Այո՛, կիրառվել է անհամաչափ ուժ, կիրառվել է չթույլատրված կամ անհարկի միջամտություն», - ասում է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Աշխարհում մարդու իրավունքների վիճակը» զեկույցի հեղինակները համարում են, որ Հայաստանում հավաքների ազատությունը անցած տարի սահմանափակվել է բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնի և անհամաչափ արձագանքի պատճառով։

Ընդդիմադիր երկու խմբակցությունները գարնանը բոյկոտել էին խորհրդարանական աշխատանքը ու փողոցային պայքար սկսել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հիշատակել է հունիսի 3-ին կառավարական առանձնատների մոտ տեղի ունեցած բախումը։

«Ես ոստիկանությանը կոչ եմ անում՝ հենց հիմա բացե՛ք էդ փողոցը, մենք էս փողոցով գնում ենք դեպի խորհրդարան։ Կանայք, աղջիկները թող էս կողմ գան, էս փողոցը հենց հիմա պիտի բացվի, մեր դիմաց փակ փողոց չկա։ Գնացի՛նք փողոցը բացելու, էդտեղով գնում ենք խորհրդարան», - «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այս խոսքերից հետո ընդհարում էր սկսվել, ու ոստիկանությունը հանրահավաքը ցրելու համար լուսաձայնային նռնակներ էր արձակել։

«Ամենադաժան բախումներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, ոստիկանությունն արձակել է խլացուցիչ նռնակներ և կիրառել չափից ավելի ուժ, որպեսզի թույլ չտա հազարավոր ցուցարարների մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին», - նշված է զեկույցում։

Ըստ զեկույցի՝ 50 անձինք, ներառյալ 34 ոստիկաններ, բժշկական օգնության են դիմել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել են «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար:

«Իշխանությունների արձագանքը երբեմն եղել է անհամաչափ՝ ցրելով և ձերբակալելով հարյուրավոր անձանց և վիրավորելով տասնյակ մարդկանց», - եզրակացրել են միջազգային կազմակերպության փորագետները։

Մինչ քննչական մարմինները պնդում են, թե քննություն է ընթանում, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ընդգծում է՝ ինը ամիս անց էլ այս գործողությունների համար որևէ ոստիկան պատասխանատվության չի կանչվել. - «Որևէ ոստիկան, որը բռնության է ենթարկել քաղաքացիներին, կամ կիրառել է անհամաչափ ուժ, մեղադրանքի տակ չէ, խոսքի ազատության մասով խիստ սահմանափակումներ են կիրառվել։ Ըստ էության, էս զեկույցը խոսում է նրա մասին, որ ժողովրդավարության առումով մենք ունենք հետընթաց, և այն, ինչը հեղափոխական ՔՊ-ականները բարձրաձայնում էին այն ժամանակ, հիմա ուղիղ հակառակ գործողությունների մեջ են, այսինքն՝ ինչքան հնարավոր է վերահաստատում են իրենց բռնատիրական ձգտումները»։

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը մինչդեռ համաձայն չէ միջազգային կազմակերպության հետ, թե ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել։ Ընդ որում՝ հիշատակում է հենց նույն օրը՝ հունիսի 3-ի բախումը, երբ վնասվել էին նաև ոստիկանները. - «Ես տեսել եմ այդ տեսարանները, այո։ Երկար պոչով մուրճով հարվածում էին ոստիկանների գլխին։ Ես հիշում եմ, որ Իշխան Սաղաթելյանը սադրեց, որ մեր ճանապարհները ոչ ոք չի կարա փակի։ Բայց ոստիկանը իրավունք ունի ճանապարհը փակի՝ եթե վտանգ ա տեսնում բախման։ Մասնավորապես իմ կարծիքով, առանձնապես անհամաչափություն չի եղել»։

Նա ընդգծում է, թե հակակառավարական ցույցերի կազմակերպիչները պետք է այնպես անեին, որ ոստիկանության միջամտության կարիքը առհասարակ չլիներ. - «Մեր ոստիկանների ձեռքին ես մահակ չեմ տեսել, Ռոբերտ Քոչարյանի սիրած էլեկտրաշոկերը չեմ տեսել, ջրցան մեքենաները Վլադիմիր Գասպարյանի չեմ տեսել։ Էլ չեմ ասում, որ Հայաստանի փողոցներում ուղիղ երեք տարի ա, երթեր, ցույցեր, վանկարկումներ... այսինքն՝ մի ցույց չի եղել, երևի հարյուրավոր ցույցեր են եղել, ու կարծեմ մեկ կամ երկու նման միջադեպ ա եղել»։

Անցած դեկտեմբերին, երբ ընդդիմադիրները դադարեցրին բոյկոտը և խորհրդարան վերադարձան, ԱԺ նախագահը իրավաչափ էր որակել փողոցներ փակող ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունները։ Այն ժամանակ Ալեն Սիմոնյանը ևս ընդդիմադիրներին հիշեցրել էր բռնության ենթարկված ոստիկանների մասին. - «Մեկուկես ամիս և ավել դուք և ձեր գործընկերները փողոցներում ոստիկաններին էլ գրկեցիք, էլ հարվածեցիք, էլ վիրավորեցիք, ինչ հնարավոր էր արեցիք: Տիկին Գալստյանը մեջբերում է մի խաչմերուկի պատմություն, որտեղ ոստիկանների վրա քարեր նետեցին ու ասում է՝ «ես նայել եմ, չեմ բարևել», իրենք պետք է ձեզ չբարևեն, որովհետև դուք այդ մարդկանց տեսնում եք ու հրահրում եք, որ ձեր աջակիցները քարերով ոստիկանների խփեն: Ամեն տենց դեպքում, երբ ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառվելու, լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկ դրա մեջ չկասկածի»:

Հավաքների ազատության սահմանափակման շարքում Amnesty International-ն անդրադարձել է նաև Ռուսաստանի սանձազերծած պատերազմի դեմ Երևանում անցկացված ցույցին։ Նշվում է, որ օգոստոսի 25-ին ոստիկանությունը ցրել է խաղաղ հակապատերազմական ցույցը, երկու տասնյակից ավելի մարդ է ձերբակալվել։

«22 անձ էր ձերբակալվել։ Ձերբակալված ցուցարարները պահվել են մի քանի ժամ առանց փաստաբանի կամ առնաց թարգմանչի՝ նրանց դեպքում, ովքեր չեն խոսել հայերեն: Նույն օրը ավելի ուշ՝ առանց մեղադրանքի, նրանք ազատ են արձակվել», - նշված է զեկույցում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG