Հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած բախումների դեպքով հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել 11 անձ, կատարվում է նախաքննություն, հայտնում է Ոստիկանությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, «չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ»։
Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են դիմել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։
Ըստ Առողջապահության նախարարության, տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է, իսկ մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել: