Մատչելիության հղումներ

Ընդդիմության ցույցերից ամիսներ անց էլ որևէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ չունի


Ոստիկանները բերման են ենթարկում հավաքի մասնակցին, 3-ը հունիսի, 2022թ․
Ոստիկանները բերման են ենթարկում հավաքի մասնակցին, 3-ը հունիսի, 2022թ․

Ընդդիմության ցույցերից ամիսներ անց որևէ ոստիկանի մեղադրյանք չի առաջադրվել՝ չնայած տասնյակ ցուցարարներ հաղորդել են իրենց նկատմամբ բռնությունների մասին։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ «Դիմադրության» շարժման՝ մայիսից սկսված հավաքների ընթացքում 57 քրեական գործ է հարուցվել՝ մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ չունի։

Մինչդեռ Ոստիկանների նկատմամբ գործադրված բռնությունների մասով արդեն կալանավորվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, «զանգվածային անկարգությունների դեպքերով հարուցվել է 9 քրեական գործ, ձերբակալվել է 28 անձ, 21-ի կալանավորվել է»։

Հունիսի 3-ին կառավարական առանձնատների մոտ ոստիկանների ու ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ, ոստիկանները հատուկ միջոց կիրառեցին։ Կար մոտ վեց տասնյակ տուժած, 39-ը՝ ոստիկան։ Միջադեպից հետո Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Ոստիկանությունը հայտարարել էր, թե հատուկ միջոց է կիրառվել՝ իրավապահների օրինական պահանջը չկատարելու համար՝ մեղադրելով ցուցարարներին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, իրենց ուղղությամբ քարեր, շշեր ու մետաղյա առարկաներ նետելու մեջ։

Ընդդիմությունից հակադարձել էին՝ «իրավաչափ վարքագիծ չի դրսևորվել մինչև ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելը»։

Իշխանության ներկայացուցիչներն էլ տեղի ունեցածը «բռնություն», «տեռոր», «խուլիգանություն» էին որակել՝ հայտարարելով՝ ամբողջ պատասխանատվությունն ընդդիմության վրա է։

Իրավապաշտպանները մինչդեռ հայտարարում էին, որ «առանձին ոստիկաններ, առանձին իրավիճակներում իրենց ոչ պրոֆեսիոնալ են պահում ու բռնություն գործադրում քաղաքացիների նկատմամբ»։

Ավելի վաղ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դիվանագիտական առաքելությունները հորդորել էին իրավապահներին՝ զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։ Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանն էլ ոստիկանների գործողությունները անհամաչափ ուժի կիրառում էր որակել․ «Այն, ինչ մենք տեսնում ենք ռեպորտաժներում, տեսանյութերում, անհամաչափ ուժի կիրառում է։ Այս դեպքերը պետք է հետաքննվեն, այս ոլորտում պետք է պատասխանատվություն լինի», - ասել էր դեսպանը։

XS
SM
MD
LG