Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները Ֆրանսիայի հրապարակում կարճատև հանրահավաքից հետո շարժվեցին կառավարության շենքի մոտ՝ փակելով մուտքերն ու ելքերը։ Ըստ շարժման առաջնորդների՝ դրանք բոլորն այս պահին փակ են։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ կառավարության շենքի մոտ են գնում, քանի որ այսօր ջրբաժանի օր է՝ հասկանալու համար, թե ով է ժողովրդի հետ, և ով՝ դեմ։ Նա հիշեցրեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» այսօր չի գնացել խորհրդարան, քվորումի բացակայության պատճառով ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չի գումարվել։ Պատգամավորն ասաց՝ քանի որ խորհրդարանը ղեկավարվում է գործադիր մարմնի կողմից, իրենք հենց կառավարության շենքի մոտ են ներկայացնելու իրենց պահանջները։
ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ խորհրդարանական հայտարարության նախագիծը։