Մատչելիության հղումներ

Երեկվա դեպքերից տուժած 60 անձանցից 4-ը դեռ հիվանդանոցներում են


Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երեկ տեղի ունեցած միջադեպից տուժած 4 անձինք շարունակում են բուժումը ստացիոնար պայմաններում, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով՝ վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ:

Մյուս տուժածները դուրս են գրվել, ասված է հաղորդագրությունում։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ բժշկական կենտրոններ էին դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ։ Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ, 50 տուժած ստացել էր անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:

Անհնազանդության ակցիայի ժամանակ տեղի ունեցած դեպքերով հարուցվել է քրեական գործ, կա 11 բերման ենթարկված։

Արցախի հարցով հայտարարության ընդունման համար ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստը երեկ իշխանության ջանքերով տապալվեց։ Ընդդիմադիրները պահանջում էին հայտարարության տեսքով արձանագրել, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Իշխանությունը ընդդիմադիրների նախաձեռնությունը «կեղծ գործընթաց», քաղաքական շանտաժ էր որակել։ Դեռ անցած շաբաթ էին հրապարակել խմբակցության որոշումը՝ չեն մասնակցի նիստին։

Ընդդիմադիրներն էլ երեկ նախ հանրահավաք անցկացրին Ֆրանսիայի հրապարակում, ապա՝ կառավարության շենքի մոտ, երկու ժամով շրջափակեցին կառավարության շենքի մուտքերն ու ելքերը, հետո շարժվեցին կառավարական ամառանոցի մոտ, որտեղ պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա և լսի իրենց պահանջները: Ոստիկանությունն այստեղ մեծ ուժեր էր կենտրոնացրել։ Իրավիճակը լարվեց, բախումներ եղան, ոստիկանները հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեցին։


XS
SM
MD
LG