Մատչելիության հղումներ

Հունիսի 3-ի դեպքերով հարուցված քրգործով ձերբակալվել է 13 անձ


Հունիսի 3-ի դեպքերով հարուցված քրեական գործով ձերբակալվել է 13 անձ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու հատկանիշներով։

Ըստ կոմիտեի, հավաքի պահին, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի Ազգային Ժողով: Ժամը 20:30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ՝ քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել են հասարակական անվտանգությունը»:

Դեպքի վայրի զննության ընթացքում, ինչպես Քննչական կոմիտեն է հայտնում, հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ քարեր, մետաղյա և փայտյա ձողեր, ապակյա և պլաստմասե շշեր, ոստիկանական համազգեստի պատռված կտորներ, պոկված ուսադիրներ և այլ իրեր ու առարկաներ:

Բախումների հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ էին դիմել 60 անձինք, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ։ Այսօր ժամը 13։30-ի դրությամբ հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում 4 անձ, մյուսները դուրս են գրվել։

XS
SM
MD
LG