Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով ԲԿ-ներ դիմած քաղաքացիների թիվը հասավ 50-ի


Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 50 անձինք։ Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է, իսկ մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:

Ժամը 22։30-ի դրությամբ Առողջապահության նախարարությունը հայտնել էր բժշկական կենտրոններ դիմած 42 քաղաքացիների մասին, նրանցից 22-ը ոստիկաններ։

Ընդդիմադիրները այսօր նախ հանրահավաք անցկացրին Ֆրանսիայի հրապարակում, ապա՝ կառավարության շենքի մոտ, երկու ժամով շրջափակեցին կառավարության շենքի մուտքերն ու ելքերը, հետո շարժվեցին կառավարական ամառանոցի մոտ, որտեղ պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա և լսի իրենց պահանջները: Ոստիկանությունն այստեղ մեծ ուժեր էր կենտրոնացրել։ Ակցիան ուղեկցվեց բախումներով, ոստիկանները հատուկ միջոց կիրառեցին՝ լուսաձայնային նռնակներ:

Ավելի վաղ Ազգային ժողովում իշխանության ջանքերով տապալվել էր ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստը, որում ընդդիմադիրները ցանկանում էին հայտարարություն ընդունել Արցախի վերաբերյալ: Մասնավորապես նրանք պահանջում էին հայտարարության տեսքով արձանագրել, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: Իշխանությունը բոյկոտել էր նիստը՝ հայտարարելով, որ դա կեղծ քաղաքական օրակարգ է։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG