Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Անվտանգության խորհրդում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմի հետ մարտի մեկին կայացած հանդիպումից։ Ըստ նրա՝ քանի որ արցախյան կողմը չի ընդունել ինտեգրացիայի գնալու առաջարկը, Բաքվի ներկայացուցիչը փոխանցել է, որ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
Այդ հանդիպմանը արցախյան կողմը գլխավորում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը:
«Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն»,- Անվտանգության խորհրդի նիստում պատմել է Արայիկ Հարությունյանը:
Արցախի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով Ստեփանակերտի առջև վերջնագիր է դրել՝ «կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»:
«Մենք չենք ընդունել, չենք ընդունում»,- հայտարարել է Հարությունյանը, պնդելով, թե դա միայն Անվտանգության խորհրդի որոշումը չէ: «Մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք», - զգուշացրել է Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունյանը նաև ասել է՝ եթե կարծիքներ կան, թե պետք է ընդունել Ադրբեջանի առաջարկը, ապա այդ մարդիկ կարող են իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել այդ տեսակետը. «Փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»:
Երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, թե ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Զոհվել էր Արցախի ոստիկանության երեք ծառայող:
«Նման սադրանքները կրկնվելու են», - ասել է Արայիկ Հարությունյանը` հորդորելով պատրաստվել երկարատև պայքարի. - «Մենք երկար ժամանակ պետք է պայքարենք, այդ պայքարի շրջանակներում լինելու են նման իրավիճակներ, պետք է դա գիտակցենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք»:
«Ազատության» տեղեկությամբ՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխ հենց բլոկադայի փուլում է ձևավորվել։ Գրունտային այս ճանապարհից շուրջ մեկ կիլոմետրի վրա ադրբեջանական հենակետ է։ Նրանց 15 հոգանոց դիվերսիոն խումբը երեկ առավոտյան հատել է շփման գիծը, դարանակալել անտառում, ապա անցել հարձակման։
Ստեփանակերտը այս հարձակումը ներկայացրել է տեսանյութով, որտեղ շատ պարզ երևում է շարժվող, ապա անշարժացած «ՈՒԱԶ»-ը, ճանապարհին մոտեցող ադրբեջանցիները, նրանցից երեքը մոտենում են «ՈՒԱԶ»-ին ու շարունակում կրակել։
Կադրերում տեսնում ենք՝ ադրբեջանցիները հետքաշվելիս վայր են ընկնում՝ վիրավորում են ստանում, Արցախի ներքին գործերի նախարարության ձևակերպմամբ, «հարակից դիրքում գտնվող Պաշտպանության բանակի զինծառայողների ինքնապաշտպանական ու զսպիչ գործողությունների արդյունքում»։
Ավելի ուշ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ երկու զոհ ունեն և որ «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել։ Հայկական կողմը սա հերքեց։ Բացի ոստիկանների ծառայողական զենքից, որևէ այլ զենք-զինամթերք չի եղել՝ մարդատար մեքենայում․ հայտարարեցին Ստեփանակերտից։